Էրդողանը կդիմի ՄԱԿ-ին, Երուսաղեմի հարցով ԱՄՆ որոշումը չեղարկելու համար

Անկարան մտադիր է դիմել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը չեղարկելու նպատակով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ՝ այս հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել տեսաուղերձում՝ ուղղված Քոնիա նահանգում Պաղեստինի կողմնակիցների անցկացրած հանրահավաքի մասնակիցներին:

«Նախ Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եթե ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրներից որևէ մեկն օգտվի վետոյի իր իրավունքից, ապա Անկարան այդ հարցը կներկայացնի Գլխավոր վեհաժողովի օրակարգում և կանի ամեն ինչ, որ անօրինական և անարդար որոշումները Երուսաղեմի հարցում չեղարկվեն», — խոստացել է Էրդողանը:

Նա հավելել է, որ իսլամական երկրները նոր հիմնադրամներ կստեղծեն պաղեստինյան ընտանիքներին օգնություն տրամադրելու համար:

Այս թեմայով