Էնտուզիազմով տուն չեն պահում. Ստյոպա Սաֆարյանի ռեպլիկը՝ Աշոտյանին

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի երեկ հրավիրած «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ խորհրդի գաղափարի հեղինակը հրավիրել է փորձագետներին աշխատելու հանձնաժողովի հետ, ավելի ճիշտ՝ հանձնաժողովի համար, սակայն գումարի հարցը չի լուծել:

Նիստին հրավիրված Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը հարց բարձրացրեց. «Հիմա դուք պետական կառույց եք, ասում եք՝ եկեք մեզ օգնեք: Ինձ համար պարզ չի՝ ինչի՞ պիտի ձեզ օգնեմ»,-ասել է նա՝ չկիսելով Արմեն Աշոտյանի տեսակետը, թե «էնտուզիազմով» պետք է աշխատել: «Էնտուզիազմով տուն չեն պահում»,-տեղից ռեպլիկ է հնչեցրել «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Հասկանալի չէր՝ ոնց են պատկերացնում էդ մարդիկ էդ գործը: Երևի, իրենք էլ են դեռ ուզում պարզել՝ ինչ կարելի է անել, ոնց կարելի է դա ընդհանրապես կազմակերպել, սակայն դեռ հստակ պատկերացում չունեն»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ փորձ է արվում պառլամենտական դիվանագիտության ոլորտը զարգացնել:

Թերթի դիտարկմանը, թե ստացվում է՝ իրենք ընտրվել են, ուզում են Ձեր ներուժն օգտագործել, ընդ որում՝ անվճար, քաղաքագետը ծիծաղել է. «Դե չգիտեմ, էդ հարցում դեռ չի խորացել, ամենատարրական հարցերի պատասխանները դեռ չկան: Օրինակներ եղան, թե ուրիշ տեղերում ոնց են անում: Ես առաջարկեցի հստակեցնել՝ իրենք ոնց են պատկերացնում խորհրդի աշխատանքը»:

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով