Էլինար Վարդանյանին հեռացրեցին ԲՀԿ-ից

Stepan-Margaryan-Elinar-VardanyanՔննարկումներ են եղել, և տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին։ Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին։ ԱԺ-ում լրագրողների հետ այսօր ունեցած զրույցի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը։ «Յուրաքանչյուր կուսակցությունում կարող են նաև նման բաներ լինել։ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,- ասաց նա։ Վահան Բաբայանի գնահատմամբ` ոչ մի կուսակցություն չի հանդուրժի, որ իր ֆրակցիան ներկայացնող հանձնաժողովի նախագահները հաշվի չնստեն ո՛չ խմբակցության, ո՛չ կուսակցության ղեկավար մարմինների հետ։ «Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու հավանականությանը, ապա այս պահին նման քննարկումներ չկան, նման պատժամիջոցներ չեն կիրառվի։ Ես, իհարկե, չեմ ցանկանա կոնկրետացնել, սակայն կուսակցությունում նման առաջարկներ եղել են։ Այս պահին, կրկնում եմ, նման որոշում չկա, բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել»,- նշեց պատգամավորը։ Խորհրդարանականի խոսքով, եթե տվյալ անձինք չեն ցանկանում աշխատել ԲՀԿ խմբակցության կազմում, ապա շատ ավելի բարոյական կլիներ, եթե ինքնակամ հեռանային։ «Թող մարդիկ չմոռանան, որ եթե չլինեն կուսակցությունները, որևէ անհատ չի կարող հայտնվել ԱԺ այս կամ հանձնաժողովում։ Կուսակցությունը կամավորների միություն չէ, որ ով ինչ ուզի, անի։ Կուսակցությունն ունի կանոնադրություն, անդամներն ունեն իրավունքներ և պարտականություններ, սակայն կա նաև կուսակցության թիմ, և ոչ ոք չպետք է դեմ գնա թիմի որոշումներին։ Այս պահին խմբակցությունում որևէ փոփոխություն չկա։ Բայց Էլինար Վարդանյանն ընդամենը մի անձ է, ում լինել կամ չլինելով՝ չեմ կարծում, որ կուսակցությունը կարող է պառակտվել»,- հավաստիացրեց նա։ Ամփոփելով՝ Վահան Բաբայանը կրկին շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մի քանի ԲՀԿ-ականների՝ այդ թվում Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի չմասնակցությունն իրենք համարել են հարգելի։ «Մարդիկ պետք է այնքան քաղաքական կամք ունենա, որ կարողանան որոշել քաղաքական այս կամ այն ուժին անդամակցելու ապագա նպատակահարմարությունը»,- ասաց խորհրդարանականը։

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով