Էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազի առնվազն 20 տոկոսով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխությունից առաջ, ապրիլի 13-ին խոսելով Հայաստանի տնտեսությանը առնչվող խնդիրների մասին, անդրադարձ էր կատարելնաև Էլեկտրաէներգիայի սակագնի խնդրին: Այս խնդրի մասին Փաշինյանը  ասել էր. «Երեք տարի առաջ, ժողովրդին ասեցին, թե էներգետիկ համակարգում 24 միլիարդ դրամի ճեղք կա՝ հոսանքը պետք է թանկանա: Այդ 24 միլիարդի ճեղքը վաղուց արդեն փակվել է, բայց ոչ մեկ չի մտածում հոսանքի գների իջեցման մասին: Էլեկտրական էներգիայի սակագները Հայաստանում առնվազն պետք է 20 տոկոսով էժանանա»:

Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի այս հայտարարությունից 25 օր անց նա արդեն վարչապետ էր: Նա վարչապետ է արդեն 5 ամիս, բայց Էլեկտրական էներգիայի սակագինը դեռ չի էժանացել, ավելին առաջիկա ամիսներին էլ չի սպասում նման էժանացում:

Հունիս ամսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի սակագինը  կարող է նվազել միայն 2019 թվականի հունվարից և միայն 2,58 դրամով: Եթե անգամ նշված սակագնի նվազումը տեղի ունենա, ապա այն անգամ «ամենավարդագույն ակնոցի» առկայության դեպքում չի կարող համարվել առնվազն «20 տոկոսի նվազում»:

Իհարկե հիմա վարչապետ Փաշինյանի հանրային աջակցությունը շատ մեծ է ու դժվար է նման խոստումների չկատարումը դարձնել հանրային քննարկման թեմա, բայց վստահ ենք, որ կգա ժամանակ ու հասարակությունը կպահանջի վարչապետ Փաշինյանից նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը «առնվազն 20 տոկոսով»:

Այս թեմայով