Զինված հարձակման կազմակերպիչները պետք է օր առաջ հանձնվելու որոշում կայացնեն. Արծվիկ Մինասյան

3278108ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը զինված խմբի անդամներին կոչ է անում օր առաջ հանձնվելու որոշում կայացնել, ինչը թույլ կտա հետագա գործընթացներն օրենքի ու սահմանադրության շրջանակում իրականացնել: Այս մասին հայտնեց նախարարը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Իրավիճակի լիցքաթափումը պահանջու մ է, որ հանդուրժողականություն լինի, և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի սահմանադրական նորմը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` անհանդուրժողականությունը մեր հասարակությունում այն աստիճանի է հասել, որ մարդիկ կարծում են` քաղաքական խնդիրներ կարող են լուծել նմանատիպ ձևով: «Եթե անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ սա ձև չէ»,-հավելեց Մինասյանը:

Հարցին ի պատասխան, արդյոք նախարարը զինված խմբի անդամներին ահաբեկիչ, թե ապստամբ է համարում` նա նշեց. «Ես կարող եմ դատել այն գործողություններով, որ այս պահին նկարագրվում են: Քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված առնվազն «պատանդ վերցնել» արտահայտությունը, որը որևէ կողմ չի հերքում, ինչ վերաբերում է այլ ընկալումներին, այն կքննարկվի առաջիկայում»:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին` նա բարձր գնահատեց հանդուրժողականության այն մակարդակը, որ դրսևորվում է: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քննությունները կարող են առանձին դեպքերում ոչ իրավաչափ վարքագիծ ու ոչ համաչափ դրսևորումներ բացահայտել, բայց ուզում եմ կոչ անել, որ դուք էլ հասարակության մեջ հանդուրժողականություն քարոզեք: Բոլորի իրավունքների ոտնահարման գործողությունների մասին բարձրաձայնեք»,-ավելացրեց պաշտոնյան:

Դիտվել է 289 անգամ
 


Այս թեմայով