Զինկոմի սպանության անհեթեթ պատճառը. ձերբակալությունից հետո սպանողը ժպտացել է

arm145897149543«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 23-ին Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մեկնարկել է Բերդի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության գործով դատավարությունը: Սպանության մեջ կասկածվող Մովսես գյուղի բնակիչ Արթուր Մկրտումյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ, դեպքի ժամանակ խմած է եղել: Այդ նիստին ցուցմունք են տվել դատակոչված 10 վկաներից 6-ը: 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22.00-22.30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում 41-ամյա Արթուր Մկրտումյանը սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ, գնդապետ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին: Արթուր Մկրտումյանը Մովսեսում արագ է վարել իր «Նիվա» մակնիշի մեքենան, ինչի պատճառով զինկոմը դիտողություն է արել, արդյունքում նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել: Դ. Պապյանը հարվածել է Ա. Մկրտումյանին, ինչից հետո Ա. Մկրտումյանը վերցրել է որսորդական հրացանը եւ սպանել Պապյանին: Մովսես գյուղից տեղեկացանք, որ Արթուր Մկրտումյանը պատշար վարպետ է: Իսկ Դերենիկ Պապյանը մասնակցել է Բերդի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը, նա եղել է գումարտակի հրամանատար: Ներկայումս նրա եղբայր Ռոբերտ Պապյանը Բերդի տարածաշրջանում գումարտակի հրամանատարի տեղակալ է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Մովսեսից հայտնեցին, որ Դերենիկ Պապյանի՝ գումարտակի հրամանատար աշխատած ժամանակ Արթուր Մկրտումյանը եղել է նրա ենթական, դասակի հրամանատար եւ այդ ընթացքում նրանց միջեւ տարաձայնություններ են եղել: Դեպքին հաջորդած ձերբակալությունից հետո Ա. Մկրտումյանը ժպտացել է, որովհետեւ հարբած է եղել, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,75 պրոմիլ: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ զինկոմ Դերենիկ Պապյանը հայհոյել եւ հարվածել է Մկրտումյանին, մինչդեռ քրեական գործով նման փաստ չկա. Դ. Պապյանը ընդամենը բոթել է Արթուր Մկրտումյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 154 անգամ
 


Այս թեմայով