Home » ՄԱՄՈՒԼ » Զինկոմի պետը կալանավորման դեպքերի մասին

Զինկոմի պետը կալանավորման դեպքերի մասին

պն«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանն, անդրադառնալով Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Ռուբեն Զախարյանի, ինչպես նաեւ Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանի՝ կաշառք վերցնելու դեպքերին, կարծիք հայտնեց, որ կատարվածը մյուսների համար դաս կլինի:

Հիշեցենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ 2014 թվականի մարտի 19-ին՝ ժամը 17.10-ին, Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում կաշառք տալու դեպք էր եղել: «Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը քաղաքացի Գագիկ Վարդանյանին խաբել են, թե «3900 դոլար տուր եւ տղադ բանակ չի զորակոչվի»: Մինչդեռ իրականում Գագիկի որդին ամուսնացած է եղել եւ ունի երկու երեխա: Այսինքն՝ համաձայն օրենքի՝ նա չէր կարող բանակ զորակոչվել: Հիշեցնենք, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:

Ինչեւէ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը: Սակայն Նոր Նորքի զինկոմի պետի պաշտպան Հրանտ Անանյանն ասել էր, թե իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Կալանքի որոշումը նրանք բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում:

Թվում էր, թե այս դեպքից հետո մյուս զինկոմները կզգաստանային: Սակայն 4 օր անց կաշառակերության երկրորդ դեպքը գրանցվեց. դարձյալ զինկոմին կալանավորեցին:

Այս անգամ մարտի 25-ին Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանն էր 300 դոլարի դիմաց որոշել Արման անունով մի երիտասարդի զինգրքույկը «մաքուր հանձնել»: Ըստ լուրերի՝ Արմանը ծառայության ընթացքում խախտումներ է թույլ տված եղել, որը գրանցվել է զինգրքույկում:

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի հետ: Ըստ նրա՝ ցանկացած անօրինականություն ինքը դատապարտում է. «Նման ստուգումներ մշտապես եղել են եւ շարունակական բնույթ են կրելու: Ես կատարվածում համակարգի խնդիրը չեմ տեսնում, բայց եթե այսպիսի դեպքեր կան, ուրեմն մի տեղ թերություն կա: Միանշանակ»:

Ըստ Հենրիկ Մուրադյանի` կատարվածից հետո ոչ միայն ինքը, այլ նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մնացականյանը հանդիպել են զինկոմիսարիատների պետերի հետ:

Իսկ այն զինկոմներին, ովքեր այսօր կալանավորված են կաշառք վերցնելու մեղադրանքով, Հենրիկ Մուրադյանը չի հանդիպել: Իսկ ձեր մեղքը չե՞ք տեսնում` հետաքրքրվեցինք Մուրադյանից: «Ոչ, չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը մյուսների համար դաս կլինի:

Իսկ ահա Հրազդանի զինվորական կոմիսարիատի պետ Արամ Պետրոսյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանից նման բան չէր սպասում, քանի որ երկար տարիներ է աշխատել նրա հետ. «Ես կալանավորման պահին զինկոմիսարիատում չեմ եղել, մինչեւ եկել եմ աշխատանքի վայր, նրան կալանավորել էին: Ավելին՝ դեպքից մեկ օր առաջ մեզ մոտ խիստ ժողով էր եղել, որ զերծ մնան այդ ամենից: Խիստ զգուշացրեցի: Ինչ ասեմ, արդեն երկու տարի է, ինչ ծառայում եմ Հրազդանի զինկոմում, բայց նման դեպք մեզ մոտ չէր եղել»:

Արամ Պետրոսյանը բացառեց, որ 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանից բացի այլ մարդիկ ներգրավված լինեն այս գործում: «Նա մենակ է արել ու ոչ մեկ չի խառնվել»,- վստահեցրեց զինկոմը:

Իսկ ինչո՞ւ են զինկոմիսարիատի պետերը կաշառակերությամբ զբաղվում. մեր այս հարցին Արամ Պետրոսյանը դժվարացավ պատասխանել. «Համակարգի խնդիրը չկա, այստեղ անձի խնդիրն  է: Ավելին, կատարվածը նաեւ գումարի հետ չեմ կապում, քանի որ քիչ փող չեն ստանում»:

Հուսանք, որ Պաշտպանության նախարարության այսօրինակ հետեւողականությունը կունենա իր դրական հետեւանքները եւ երեք կալանավորումները դաս կլինեն մյուս աշխատակիցների համար, որ շարքային քաղաքացուց գումար չշորթեն:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Դիտվել է 254 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy