Զինծառայողները կառավարության հաշվին բուժում կստանան արտասահմանում

big_e38e94558ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Այսինքն, եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում:

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, սակայն այս որոշումով, ըստ վարչապետի, կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա:

 Ըստ հիմնավորման, ՀՀ առողջապահության նախարարը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատի դրա կազմը և աշխատակարգը:

 

Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման (եթե հետվերականգնողական բուժումը հնարավոր չէ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում), ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:

Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը, որը որոշվում է ՀՀ ուղևորատրանսպորտային փոխադրումներ իրականացնող առնվազն երեք կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա: Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է` հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

Դիտվել է 153 անգամ
 


Այս թեմայով