Զինակոչիկին կաշառքով «լավ տեղ գցելու» համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

231583311382179839Փոխգնդապետ Յուրիկ Մկրտչյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ նորակոչիկին «լավ տեղ գցելու» պատճառաբանությամբ կաշառք պահանջելու համար: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Յուրիկ Մկրտչյանից կբռնագանձվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.117.750 ՀՀ դրամ:

Նույն դատարանի որոշմամբ էլ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միջնորդ հանդիսացած Արթուր Գրիգորյանի նկատմամբ համաներումը կիրառելու հիմքով գործի վարույթը կարճվել է` քրեական հետապնդումը դադարեցվել:

Դատարանի կողմից ապացուցված գնահատված մեղադրանկի համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ, Յուրիկ Մկրտչյանը, խաբեությամբ և վստահությունր չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, 2011թ-ի մայիսի 6-ին Արթուր Գրիգորյանի միջնորդությամբ և ներկայությամբ, էվելինա Սարգսյանից ստացել է 2500 ԱՄՆ դոլար` վերջինիս որդուն՝ Անդրանիկ Սարգսյանին 2011թ-ի հունիսի 6-ին ՀՀ ԶՈՒ զորակոչելիս ՀՀ ՊՆ N զորամասում ուսումնական ծառայության, իսկ հինգ ամիս անց հետագա ծառայությունը այլ զորամասում նշանակելու պատրվակով: Իսկ 2011թ-ի հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի շենքում գտնվող իր աշխատասենյակում էվելինա Սարգսյանի դստեր՝ Գրետա Սարգսյանի ներկայությամբ կրկին նրանից ստացել և հափշտակել է ևս 187.750 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ինչի համար 39-ամյա Յուրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի1.1, 2, 5 կետերով:

35-ամյա Արթուր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև միջնորդ հանդիսանալու համար: Ա. Գրիգորյանը նպաստելով նրանց միջև կաշառքի շուրջ համաձայնության կայացմանը, վերջինիս ներկայությամբ էլ էվելինա Սարգսյանր, Յուրիկ Մկրտչյանին է տվել վերընշված 930.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառքը: Արթուր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Յու.Մկրտչյանի կողմից գումար պահանջելու մասին ահազանգել է հենց քաղաքացին, որի նկատմամբ դեռեւս նախաքննության փուլում գործադրվել են տարբեր ճնշումներ` մեղադրյալների հարազատների կողմից:

Ամբաստանյալ Յ. Մկրտչյանին ձերբակալելուց հետո, ինչպես տեղեկանում ենք դատավճռից, նրա հարազատները գնացել են Է. Սարգսյանի տուն` խոստանալով հետ վերադարձնել Յ. Մկրտչյանին որպես կաշառք տրված 3.000 ԱՄՆ դոլար գումարը և խնդրել հետ վերցնել իրավապահ մարմիններին տված հաղորդումը, փոխել ցուցմունքները: Կեղծ ցուցմունք տալու գործընթացին մասնակցել է նաև Շիրակի մարզի Սարալանջ գյուղի համայնքի ղեկավար Վահագն Հարոյանը, սակայն անգամ վերջինս միջնորդությունից հետո էլ տուժողը չի համաձայնել սուտ ցուցմունք տալ:

Գործով անցնող մյուս ամբաստանյալ՝ Ա. Գրիգորյանին ձերբակալելուց հետո էլ վերջինիս հարազատներն են փորձել ներազդել Է. Սարգսյանի վրա ու անգամ սպառնացել:

Դատարանը ինչպես ամբաստանյալների այնպես էլ հարցաքննված 7 վկաների ցուցմունքներն անարժանահավատ է համարել, և հայտարարել, որ վերջիններս նպատակ են հետապնդում օժանդակելու և օգնելու Յուրիկ Մկրտչյանին, խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:

Ի դեպ, թեեւ երկու մեղադրյալներին էլ առաջադրած մեղադրանքը դատարանը հիմնավորված է համարել, այդուհանդերձ Արթուր Գրիգորյանն ազատ է արձակվել հենց դատական նիստերի դահլիճից, քանի որ նրա նկատմամբ համաներում է կիրառվել:

Ինչ վերաբերում է հիմնական մեղադրյալին, ապա նա դատապարտվել է ազատազրկման, թեեւ պատժաչափը նշանակելիս հաշվի են առնվել մեղմացուցիչ հանգամանքները եւ նրա խնամքի կարիքն ունեցող անձանց առկայությունը:

Հեղինակ: «Փաստինֆո»
Դիտվել է 360 անգամ
 


Այս թեմայով