«Զիբիլիքսի» գործը Լոնդոնում. Հայաստանն առավել քիչ է քննադատվել

Այս օրերին հայրենի Ազգային Ժողովի պատվիրակությունը Լոնդոնում մասնակցում է միջազգային համաժողովի, որտեղ քննարկում են ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման հնարավոր ռիսկերի հարցը: Հայաստանի պատվիրակության կազմում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Politik.am-ը փորձել է պարզել Մախմուդյանից, թե ի՞նչ քննարկում է տեղի ունեցել Լոնդոնում և արդյո՞ք անդրադարձ եղել է Հայաստանի վերջին ընտրություններին:

«Համաժողովի ընթացքում նախ քննարկվեց այն հարցը, թե ի՞նչ ասել է վարչական ռեսուրսի չարաշահումն ընդհանրապես: Իհարկե անդրադարձ եղավ նաև 2017 թվականին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Մեր պատվիրակության կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խոսեց ի թիվս այլ հարցերի, նաև հասարակությանն ավելի շատ հայտնի «Զիբիլիքսի» գործից: Չափազանց կարևոր էր նկատել, թե ինչպես ԵԽԽ Վեհաժողովի մասնակից պատվիրակություններից մեկի ներկայացուցիչը խոսելով մեր տարածաշրջանում տեղի ունեցած ընտրական գործընթացների մասին, շեշտակիորեն առանձնացրեց Հայաստանի Հանրապետությունը, որտեղ անցկացված վերջին համապետական ընտրությունների մասով ակնհայտ առաջընթաց է նկատվել: Իսկ դա նշանակում է, որ ընդամենը որոշ օրենսդրական փոփոխություններով լուծվելու են նաև այն բոլոր խնդիրները, որոնք նկատվել են վերջին համապետական ընտրությունների ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցադրմանը, որ վերջին ընտրությունների ժամանակ կային քաղաքապետեր և այլ համայնքի ղեկավարներ, որոնք ընտրական պրոցեսի ժամանակ համայնքային բյուջեից գումարներ էին բաժանում, արդյո՞ք դա վարչական ռեսուրսի չարաշահում չէր ու արդյո՞ք դրա ազդեցությունը վերջին ընտրությունների վրա մեծ չէր.«Վարչական ռեսուրսի չարաշահումը նախ չպետք է բնավ էլ գումարների բաժանմամբ պայմանավորենք, քանի որ այդ մասով ՀՀ քրեական օրենսդրություն առանձին հանցակազմ է նախատեսում, իսկ Ձեր նշած անձանց կողմից համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին համայնքի բյուջեից գումարային օգնություն տրամադրելը կարող է հանդիսանալ ՏԻՄ մարմնի լիազորությունների բաղկացուցիչ մասը: Միգուցե առաջին հայացքից տպավորությունն այդպիսինն է, բայց դա չարաշահում չէ: Ստացվում է, որ եթե տեղի են ունենում ընտրական գործընթացներ, ապա համայնքի ղեկավարը չպե՞տք է զբաղվի համայնքի բնակչության սոցիալական խնդիրներով»,-ասաց մեր զրուցակիցեը:

Մեր մյուս հարցադրմանը, արդյոք եվրոպացի գործընկերները դպրոցի ուսուցիչների մասնակցությունը ընտրական պրոցեսներին նույնպես վարչական ռեսուրսի չարաշահում չէ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չնայած որոշ կարծիքների, այնուամենայնիվ կային եվրոպացի բանախոսներ, ովքերր գտնում էին, որ մարդը բացի դասավանդելուց, ունի նաև քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք, իհարկե եթե դրանք իրացվում են ոչ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դասերից դուրս»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ սույն համաժողովի ժամանակ ամենաքիչ քննադատությունը հնչել է հենց Հայաստանի մասով.«Ավելի շատ քննադատվել է Վրաստանի, Մոդովայի և Բելառուսի ընտրական գործընթացները»,-ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

 


Այս թեմայով