«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևանի պատմության թանգարանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին:

«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին:

«Պարո՛ն քաղաքապետ, գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից, Դուք մեզ հետ միասին արեցիք հնարավորը, որ ամեն ինչ համահունչ ու գեղեցիկ լինի, ինչպես Երևանն է այսօր: Այս գորգն իսկապես կարևոր նշանակություն կունենա Երևանի հազարամյակների պատմությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում», — նշել է Րաֆֆի Մեգերյանը:

Այնուհետև տեղի է ունեցել «Երևան 2800» գորգի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանին:

Իր հերթին ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեգերյան ընտանիքին և գորգագործ բոլոր վարպետներին՝ նվիրված աշխատանքի և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Այս թեմայով