Երևանում վարորդը ծեծել է ուղևորուհուն և հափշտակել 1 200 000 դրամ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն օրը, ժամը 9.40-ին, քաղաքացուհին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, կեսգիշերին, ավտոմեքենայի սրահում իրեն անծանոթ վարորդը, իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 100.000 դրամ արժողության ոսկյա մատանի և 1.200.000 դրամ:

Պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան նա նստել է Լենինգրադյան փողոցից տուն ուղևորվելու համար, սակայն վարորդն այն վարել է դեպի Կորեայի ձորի ուղղությամբ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը` 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Փայլակ Հ.-ն:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 8.40-ին, նշված հանցագործության կասկածանքով Փայլակ Հ.-ն Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 74 հասցեի մոտից բերման է ենթարկվել:
Փայլակ Հ.-ն ձերբակալված է:

Նշանակվել է ԴԲՓ: Քննությունը շարունակվում է:

 


Այս թեմայով