Երևանում կտեղադրվի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձանը

yerevansquareԵրեւանի Շահումյանի եւ Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը կարող է վերակառուցվել եւ համապատասխան շատրվանային համալիրով դառնալ Երեւանի 2800-ամյակին նվիրված պուրակ: Այս  երեկ  Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մայրաքաղաքում ունենք Էրեբունի-Երեւանի 2750-ամյակի պուրակ: Ու տրամաբանական է, որ այն ունենա շարունակություն: Արդեն իսկ կա առաջարկ, որ տվյալ պուրակի շարունակությունը հանդիսացող Շահումյանի եւ Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը վերակառուցվի եւ համապատասխան շատրվանային համալիրով դառնա Երեւանի 2800-ամյակին նվիրված պուրակ»,-ասել է Տարոն Մարգարյանը:

Սա իսկապես  բացառիկ ցինիկ հայտարարություն է: Ինչպես կարելի է քաղաքի իրական պատմական հուշարձան դարձած շենքերը քանդելով, որոնք իրապես երևանյան ճարտարապետության գեղեցիկ նմուշներ էին և խոսել քաղաքի հնությունը խորհրդանշող հուշարձանի մասին: Իսկ մի թե՞ ավելի լավ չէր լինի՝ չքանդել Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկի շենքը և դարձնել դարձնել հուշարձան, իսկ գուցե՞ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը դառնա կարևորագույն հուշարձան: Քաղաքապետարանն ու յուր ղեկավար Տարոն Մարգարյանն իրապես կորցրել են իրականության զգացողությունը և չեն նկատում, որ քաղաքի պատմական կարևորագույն  հուշարձաններն արդեն քանդված են և անիմաստ է հուշարձան կանգնեցնել մի քաղաքի համար, որն իրենց ջանքերի շնորհիվ այլևս չկա:

Այս դեպքում մի լուծում կարող է լինել՝  քաղաքի կենտրոնում կանգնեցնել Տարոն Մարգարյանի արձանը, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, թե ինչու չկա 2800 -ամյա քաղաքը: Այս արձանը տեսնելով զբոսաշրջիկները և մեր ապագա սերունդները կիմանան, թե ում թեթև ձեռքով է կործանվել քաղաքը:

Դիտվել է 234 անգամ
 


Այս թեմայով