Երևանում դանակահարվել է 13-ամյա երեխա

shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ որովայնային առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Ավան վարչական շրջանի բնակիչ, 13-ամյա Էրիկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ երեխան դանակահարվել է Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի վրա գտնվող նախկին ճեմարանի մոտ, և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Ավան վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Բ.-ն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

 


Այս թեմայով