Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի երիտասարդներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ:
Գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները երիտասարդության տարիներն են, որոնք երազանքների, մտքի թռիչքի, նպատակասլացության, նաև խելահեղության, նոր գաղափարների ու գործերի ստեղծման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են: Յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն նաև երկրին, նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավեր:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում: Վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի և ի բարօրություն քաղաքամայր Երևանի:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով