Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է` Փաշինյանը նախատինքի խոսքեր չի հնչեցրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքապետարանի ղեկավարության և  ավագանու անդամների հասցեին նախատինքի խոսքեր հնչեցնելու մասին տեղեկությունը:

Այս մասին ասված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության տարածած
հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: Ըստ լրատվամիջոցի՝ Ն. Փաշինյանն իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։

«Այսօր մի շարք լրատվական միջոցներ տարածել են «Ժամանակ» թերթի հրապարակած նյութն առ այն, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին և իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ»:

Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի շուրջ։

«Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք համարժեք կերպով հրապարակել սույն հերքումը, նույնը խնդրում ենք անել ապատեղեկատվությունը վերատպած այլ լրատվամիջոցներին:

Կոչ ենք անում, առհասարակ, խմբակցությանը վերաբերող ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել խմբակցության ղեկավարից կամ քարտուղարից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»,- ասվում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունում:

 

Այս թեմայով