Երևանը պատրաստվում է ձմռանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և պետի տեղակալ, Երևանի օպերատիվ շտաբի պետ Արտեմ Աբրահամյանը ստուգել են «Սանիթեք» ընկերության պատրաստվածությունը ձմռանը:

Ըստ ստուգայցի արդյունքների՝ բոլոր մեքենասարքավորումները նախապատրաստված են, անվադողերն ու խոզանակները փոխարինվել են նորերով, ինչպես նաև ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ: Մեքենասարքավորումները նաև գործարկվել են, ստուգվել է դրանց տեխնիկական վիճակը: Նշվել է, որ տարբեր ընկերությունների հետ ձեռք են բերվել համաձայնություններ՝ առաջացած տեխնիկական խնդիրներն արագորեն լուծելու համար:
Միաժամանակ կուտակվել է անհրաժեշտ ծավալի աղ ու ավազ. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ դրանք բաշխվելու են ոչ թե երկու, այլ՝ միաժամանակ չորս պահեստներից՝ աշխատանքների նպատակայնությունն ապահովելու համար: Աղ ու ավազ է բաշխվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային տներին՝ ներքին բակային տարածքներում օգտագործելու համար:
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը կարևորել է նաև բնակիչների կողմից անվտանգության կանոնների պահպանումը՝ հատկապես վտանգավոր համարելով մաշված կամ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


Այս թեմայով