Երկու տարեկան Թամազին օգնության կարիք ունի. Ուռուցքը ուղեղ է տարածվել

NEWS.am Medicine-ի ընթերցողներից շատերն են, հավանաբար, հիշում Թամազիին՝ երկու տարեկան տղային, որը երկկողմանի ռետինոբլաստոմա ունի՝ աչքի չարորակ ուռուցք: Թամազիի մի աչքի տեղում պրոթեզ է, երկրորդ աչքը ուռուցքի պատճառով գրեթե չի տեսնում, այն պետք է վիրահատեին Ռուսաստանում, սակայն ստիպված էին վիրահատությունն առայժմ հետաձգել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տղայի մայրը՝ Քնքուշ Կնյազյանը, անցյալ ամիս երեխայի հետ Ռուսաստան է մեկնել, որտեղ պետք է կատարեին աչքի ուռուցքի մնացորդների լազերային հեռացում: Ոռուցքը զգալիորեն փոքրացել էր քիմիաթերապիայի 6 կուրսից հետո, որը երեխան ստացել էր Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոնում:

Ռուսաստանցի բժիշկները, սակայն, երեխայի աչքի մեջ կատարախտ են հայտնաբերել եւ ասել են, որ անհրաժեշտ է նախ այն հեռացնել՝ ուռուցքի չափերը ճիշտ գնահատելու եւ հետագա անելիքը որոշելու համար: Կատարախտի հեռացման վիրահատությունը, կարծես թե, հաջող է անցել, սակայն երեխայի աչքի մեջ հեմատոմա է մնացել, որը կրկին խանգարել է ուռուցքը տեսնել: Փոքրիկին՝ մոր հետ 2 ամսով հայրենիք են ուղարկել՝ մինչեւ հեմատոման ներծծվի:

Քնքուշն ու Թամազին սեպտեմբերի 5-ին Հայաստան են վերադարձել, եւ սկզբում ամեն ինչ լավ է եղել, երեխան ակտիվ էր, իրեն լավ էր զգում: Սակայն մի քանի օր առաջ նա հիվանդացել է, սկսել հազալ, դադարել է նորմալ սնվել: Ուտելուց հետո հաճախ փսխում էր առաջանում:

Քնքուշը երեխային «Արաբկիր» բժշկական կենտրոն է բերել՝ որոշելով, որ նա որեւէ վիրուսային հիվանդությամբ է վարակվել: Բժիշկները, սակայն, վատ բան են կասկածել եւ նրան համակարգչային տոմոգրաֆիա կատարել, որով երեխայի գլխուղեղում ոչ մեծ ուռուցքներ են հայտնաբերվել:

Բժիշկներն առայժմ չեն կարող ճշգրիտ ասել, թե տղայի հետ կոնկրետ ինչ է կատարվում եւ նրա ուղեղի մեջ նորագոյացությունը ինչպես է հայտնվել: Առավել ճշգրիտ ախտորոշման համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում, որոնք, ինչպես սպասվում է, կանցկացվեն մոտակա օրերին: Մասնագետները առայժմ չեն կողմնորոշվել նաեւ բուժման հետագա մարտավարության հարցում:

Թամազին հիմա գտնվում է «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, եւ նրա ընտանիքը, ինչպես նախկինում, փողի կարիք ունի. չնայած փոքրիկը շատ ծառայություններ պետպատվերի շրջանակում է ստանում, շատ դեղամիջոցներ կան, որոնց կարիքը նա հիմա ունի, եւ որոնք պետպատվերի մեջ չեն մտնում:

Թամազիին եւ նրա ընտանիքին օգնել ցանկացողները կարող են ցանկացած չափով գումար փոխանցել բանկային հետեւյալ հաշվեհամարին՝

ВТБ – AMD – 16004066616800

Ստացող՝ Քնքուշ Կնյազյան

Այս թեմայով