Երիտասարդությունը պետք է զգա քաղաքական գործընթացները, ներգրավվի տարբեր պրոցեսներում

Galust-Sahakyan2«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում վերջիններիս հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, օգոստոսի 25-ին հավաքի հյուրն է եղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա պատասխանել է բազեականների հարցերին, դիտել բազկամարտի ներճակատային մրցույթները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ Գալուստ Սահակյանը «Բազե» հավաքի լավագույն բարեկամներից է։ Հավաքի ստեղծման օրից՝ 2002 թվականից ի վեր, նա ամեն տարի այցելել է այստեղ, հանդիպել մասնակիցներին։

ԱԺ ղեկավարը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեի» միջոցով երիտասարդությունը կարողացել է համախմբող մի շարժում ստեղծել։ Նա շեշտել է, որ երիտասարդությունը մեր ապագան է և պետք է զգա քաղաքական գործընթացները, ներգրավվի տարբեր պրոցեսներում։

Հիշելով իր երիտասարդ տարիները՝ խորհրդարանի խոսնակը նկատել է, որ այն ժամանակ կարելի էր ամեն ինչի մասին խոսել, բայց ոչ՝ հայրենիքից, քաղաքականությունից։

Այս առումով, ըստ նրա, այսօրվա երիտասարդները շահեկան վիճակում են։ Նա կոչ է արել երիտասարդներին սիրել հայրենիքը, ուշադրության կենտրոնում պահել ուսման պրոցեսը, որպեսզի հետագայում տարբեր ոլորտներում ունենանք լավ կադրեր։

Գալուստ Սահակյանը պատասխանել է երիտասարդների՝ ՀՀ արտաքին քաղաքականությանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին։

«Բազե» հավաքում այսօր հյուրընկալվել են նաև «Արի տուն» ծրագրի մասնակիցները, ովքեր ծանոթացան բազեականների առօրյային, ներկա գտնվեցին մի շարք մրցույթների։

Դիտվել է 79 անգամ
 


Այս թեմայով