Երեք նախագահների թեման վերջերս շատ է շոշափվում

levon-serj-robertԵրեք նախագահների թեման վերջերս շատ է շոշափվում: Երեք նախագահները, գաղափարների, կամ ինչպես Շանթը կասեր` իդեալների բացակայության պարագայում թիմերի ձևավորման առանցքների են վերածվել: Ինչպես հայտնի է, թիմերը պայքարում են հաղթանակի համար և բնականաբար, հաջողության դեպքում ստանում են պարգևներ, իսկ անհաջողության դեպքում տրոհվում են «լավ» և «վատ տղաների»: «Լավ» տղաները նեղ օրում չեն դավաճանում իրենց առաջնորդներին, իսկ «վատ տղաները» նոր թիմ են որոնում, ավելին, իրենց «դավաճանության» պատճառով վերածվում են հին թիմի ամենաերդվյալ ախոյանների: Նմաններին թուրքերը անվանում են «դյոնմեներ»: «Դյոնմեները» կամ «շուռ տվածները» հասկանալի պատճառներով սարսափում են նախկին թիմի հաջողություններից: Ահա, այս «լավ» և «վատ» տղաները, քաղաքական դաշտի սերնդափոխության բացակայության պատճառով շարունակում են մնալ հրապարակում և իրենց հին փոխհարաբերությունները պարտադրում են հանրությանը, որոնում են գաղափարական և աշխարհքաղաքական հիմնավորումներ միմյանց վնասելու համար:
Այս առումով հանրային հնչողություն է ստանում այդ թիմերի կազմավորման և հնարավոր «վենդետայի» տեսակները: Փորձենք դա մենք էլ հասկանալ:

1. Տեր-Պետրոսյանի թիմը հիմնված է գաղափարական առաջնորդի և նրա համախոհների տեսլականի վրա: Լինելով արևմտյան տիպի լիբերալ, Տեր-Պետրոսյանը արևելյան տիպի գուրուի ձևաչափով է կառուցում իր թիմը: Սակայն թիմից հեռացած «վատ» տղաներին, իշխանության վերադառնալուց հետո ֆիզիկական բնույթի վտանգներ չեն սպառնում: Նրանց սպառնացող ամենամեծ վտանգը նման է «աշրամից» կամ համայնքից հեռացվածի կարգավիճակը` թիմի անդամների կողմից արհամարհանքը: Սա բարոյական պատիժ է:
2. Ռոբերտ Քոչարյանի թիմը կառուցված է վասալ-սյուզերեն փոխհարաբերությունների վրա: Սյուզերենին դավաճանողներին ծանր պատիժ է սպառնում: Այս առումով Քոչարյանի նախկին թիմի անդամները մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն, որոնք արտահայտվում է մամուլում առկա բազմաթիվ «մտահոգություններով» : Քոչարյանի հնարավոր վերադարձի անգամ միտքը մեծ լարում է առաջացնում գործող «քաղաքական ուժերի» շրջանում:
3. Ավելի բարդ կառուցվածք ունի Սերժ Սարգսյանի թիմը: Սերժ Սարգսյանի կառուցած թիմը կարելի է նմանեցնել նեոպոլիտանական Կամորրային: Կամորրան 18-րդ դարում վերադարձած Բուրբոնների պետական հովանավորչությունն էր վայելում: Դա պետության և մաֆիայի սերտաճման ամենադասական օրինակն է եղել: 20-րդ դարի կեսերին նեապոլիտանացիների 47% կողմ էր, որ քաղաք զորք մտցնվի Կամորրայից պաշտպանվելու համար: «Ոհմակի» հարաբերությունները հիմնված են «մեռոնի» վրա: Նավասարդ Կճոյաը Աստծո անունից քավոր-սանիկային հարաբերություններով այդ կապերը «սրբացրել» է: Սերժ Սարգսյանին կարելի է համարել Դոն, կամ հայկական տարբերակով` համակարգի Քավոր: Նման տարբերակում «դավաճանությունը» խստագույն կերպով պատժվում է և կարող է տարածվել անգամ ընտանիքի անդամների վրա: Աստծո հետ կատակ չեն անում:
Ինչպես տեսնում ենք, երեք նախագահների «լավ» և «վատ» տղաները ձևավորում են այն քաղաքական դաշտը և սոցիալ-իշխանական-բիզնես միջավայրը: Այս բարդ հարաբերությունները հենց այն միջավայրն է, որտեղ պետք է որոնել ելքերը:
Իմ տեսակետով, երեք նախագահների հնարավոր վենդետաներից վախը մի քիչ չափազանցեցված է:
Նախ, Տեր-Պետրոսյանը իր մշակութաբանական տեսակից ելնելով լուրջ վենդետա չի իրականացնի, դա, ինչպես նշեցի, բարոյական վենդետայից այն կողմ չի անցնի:
Քոչարյանի «վատ» տղաներն ունեն բավականին ծանրակշիռ արդարացում: Նա ինքն է իշխանությունը հանձնել Սերժ Սարգսյանին և իրենց պարտքն էր լինել հավատարիմ «Քավորին»: Իհարկե, դա չի վերաբերում նրանց, ովքեր անցել են սահմանը և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել: Դա արդեն շատ լուրջ հանցանք է:
Որքան էլ տարօրինակ չհնչի, առաջին հայացքից ամենավտանգավոր համարվող ներկայիս թիմը ամենամեղմ ձևով է կարող «հանգուցալուծվել»: Իշխանության կորստից հետո, թիմի անդամները միմյանց հանդեպ որևէ պարտավորություններ չեն ունենալու` պարտվողներին միայն դատում են, չհաշված Աստծո առջև վերցված պարտավորություններից, սակայն դա էլ ունի իր լուծումը: Իշխանափոխությունից հետո սպասվող Կճոյանի կարգալուծությունից հետո, այդ կնունքների և պսակների վրա կարող է ամնիստիա տարածվել: Կարգալույծ արված հոգևորականի արարողությունները կարող են ազատվել մեռոնի ծանրությունից:
Այնպես որ, ամեն ինչ ավելի պարզ է: «Վատ տղաներին» խորհուրդ կտավ ազատվել մտասևեռումներից, կյանքն ավելի պարզ է:

Ստեփան Դանիելյան: Ֆեյսբուք:

 


Այս թեմայով