Երեկոյան ժամերից Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն կտեղա․ ԱԻՆ

Այսօր ցերեկը և վաղը Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 6-ի ցերեկը երկրի տարածքում կսկսվեն տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի ամբողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում։

Դեկտեմբերի 6-7-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում և Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։

Կանխատեսվում է, որ Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում՝ 2-5սմ ձնածածկույթ։

 


Այս թեմայով