Եվրոպայում ուշադիր հետևելու են ՀՀ-ում քաղաքական զարգացումներին

Ուշադիր հետևելու եմ ՀՀ-ում քաղաքական զարգացումներին

Հելսինկիում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլն ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա է ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։

Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ արտահերթ ընտրություններից առաջ շարունակելու է ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին:

«Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար: Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար»,-ասվում է գրառման մեջ:

ԵԺԿ նախագահն ընդգծել է մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը:

«Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք:Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»,-ասվում է գրառման մեջ։

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրից: ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 և ոչ ԵՄ անդամ 7 պետության ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաև ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից:

Այս թեմայով