Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է անում ճանաչել ԼՂ անկախությունը

unnamed (2)Եվրախորհրդարանի Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում:
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախության հանրաքվեում: Այս ժողովրդավարական գործընթացին ի պատասխան Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց, ինչի հետևանքով շուրջ 30 հազար զոհ գրանցվեց: Արդյունքում Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կնքվեց հրադադարի համաձայնագիր: 1992 թվականին Մինսկի խմբի ստեղծումը բեկումնային էր, սակայն Ադրբեջանը հրաժարվել է հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելու նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառումից:
ԼՂ-ն ամբողջությամբ ժողովրդավարական ինստիտուտ է` օրինակելի դատական համակարգով և կոռուպցիայի ցածր մակարդակով: Այդ իսկ պատճառով, մենք պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ, քանի որ նրանք են որոշում երկրի բնակիչների ապագան: Ռազմական հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու նպատակով անհրաժեշտ է միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել նոր անկախ պետությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է իսպանացի խորհրդարանականը:
Ապրիլի 12-ին նախատեսվում է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության ընդունումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Դիտվել է 137 անգամ
 


Այս թեմայով