Home » ՄԱՄՈՒԼ » «Ես ցույց կտամ զենքի տեղը». Ժիրայր Սէֆիլյան

«Ես ցույց կտամ զենքի տեղը». Ժիրայր Սէֆիլյան

5CEB8436-B0C6-46AA-B63A-BBBB5CA9C11C_mw1024_s_nԸստ Ժիրայր Սեֆիլյանի՝ ժողովուրդն իրավունք ունի պաշտպանվելու, իսկ Սերժ Սարգսյանը պարտավոր է ենթարկվել ժողովրդին

«Ոչ»-ի ճակատներից մեկը՝ «Նոր Հայաստանը», ինչպես տեղեկացրել ենք, հայտարարել է, որ գնում է իշխանափոխության եւ դեկտեմբերի 1-ին անհնազանդության ալիք է բարձրացնելու: «Քաղաքացիական պայմանագիրը» գտնում է, որ դա ռեսուրսների վատնում կլինի, քանի որ ժողովրդին հերթական անգամ տանում են հիասթափության: «Առավոտի» հետ զրույցում «Նոր Հայաստան» ճակատի միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը մեր հարցին՝ անհնազանդության, հանրահավաքների միջոցով իշխանափոխության այս փորձը մի քանի անգամ եղել է եւ չի ստացվել, ինչո՞ւ եք նորից գնում նույն ճանապարհով, պատասխանեց. «Ո՞վ կարող է հաստատում կատարել, որ մենք հերթական անգամ հիասթափության ենք տանում, ո՞վ կարա էդպիսի հաստատում անել, դուք կարո՞ղ եք: Պատմությունը ուսումնասիրեք, եւ կարելի է այնտեղից դասեր քաղել, թե ազատագրական պայքարները ինչպիսի փշոտ ուղիներ են ունեցել եւ ինչպիսի ճանապարհ են անցել: Պայքար է, մենք համակերպվողը չենք, մենք այն միամիտները չենք, որ ընտրությունների միջոցով դիկտատոր տապալենք, մենք մեր պայքարը շարունակելու ենք: Կարծում եմ՝ ուշ թե շուտ բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ եւ այս ռեժիմը մերժող մարդիկ այս պրոցեսին միանալու են, ես դրանում չեմ կասկածում»:
Մենք ճշտեցինք՝ ռեսուրսների վատնում չե՞ք համարում դա, նա պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի վատնենք, մենք գնում ենք դեպի հաղթանակ եւ գնում ենք տապալելու ոչ միայն Սերժին, այլեւ Սերժի ամբողջ արժեքային համակարգը՝ իր թայֆայով: Մենք գնում ենք արմատական փոփոխությունների, որի արդյունքում վերջապես ծնվելու է ինքնիշխան Հայաստանը»:
Ինչ վերաբերում է իշխանությունների բիրտ մեթոդներին, պարոն Սեֆիլյանն ասաց, որ դրանց ծանոթ է, բայց ժողովուրդն էլ իրավունք ունի վերջիվերջո համարժեք պատասխան տալու. «Սա պետք է գիտակցել, մենք ի վերջո ստրուկներ չենք, մեզ չեն կարող ստրկացնել, դա հաստատ իմացեք»:

Դիտարկմանը, որ ժողովուրդը զենք չունի՝ Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց. «Ես ցույց կտամ զենքի տեղը»:

Մեր զարմանքին՝ ունե՞ք այդ հնարավորությունը եւ ի՞նչ զենքի մասին է խոսքը, նա կրկնեց. «Ցույց կտամ զենքի տեղը, երբ որ պահը գա, ես ցույց կտամ, պա՞րզ է»: Երբ ասացինք, որ ինտրիգային էր, բայց պարզ չէր, այսինքն՝ մահակի դեմ՝ մահակ, զենքի դեմ՝ զենք, ա՞յդ սկզբունքով պետք է պայքարեք, Սեֆիլյանը պատասխանեց. «Ժողովուրդն իրավունք ունի պաշտպանվելու, ժողովուրդը ստրուկ չէ»:

Երբ հիշեցրինք, որ մենք ունեցել ենք Մարտի 1՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Առավել եւս արդեն մենք ունենք զոհեր, փոփոխությունը պետք է լինի անցնցում՝ առանց բռնությունների»:

Սեֆիլյանը խոստացավ, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքին ճնշումն իշխանության վրա իրենց կողմից լինելու է խաղաղ մեթոդներով, իսկ Սերժ Սարգսյանը պարտավոր է ենթարկվել ժողովրդին:
Օրերս հրավիրած ասուլիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանը հարց էր ուղղել՝ ո՞վ ասաց, որ Սեֆիլյանն իրավունք ունի մարդ հավաքելու ու իշխանափոխություն անելու: Ըստ նրա՝ քանի դեռ ընտրությունների չեն գնացել, չեն արձանագրել, թե ժողովուրդն ինչքան ձայն է տվել, չեն կարող ժողովրդի անունից հանդես գալ, Սեֆիլյանը պատասխանեց. «Առհասարակ ճիշտ չեմ համարում, երբ ընդդիմադիր շրջանակները հրապարակավ փորձում են միմյանց մեղադրել: Ես հրապարակավ երկխոսության կողմնակից եմ, բայց երբ դեմ առ դեմ ենք լինում: Իսկ ովքեր իսկական ընդդիմադիր են այս համակարգին, նրանք վերջիվերջո միավորվելու են, դրանում չեմ կասկածում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 28.10..2015

Դիտվել է 538 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy