Ես ուտոպիստ չեմ, բայց հավատում եմ, որ արդար աշխատելով հասնելու ենք արդյունքի

arshoՀարցազրույց Աշտարակի քաղաքապետի թեկնածու Արշալույս Մեջլումյանի հետ

 

-Պարոն Մեջլումյան, գաղտնիք չէ, որ մեզանում երիտասարդ լինելն ու  փորձի պակաս ունենալը համարվում է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար գրեթե «աններելի» մեղք։ Դուք երիտասարդ եք եւ ՏԻՄ ոլորտում փորձ չունեք։  

-Գիտեք, ես իրապես ուրախ եմ, որ որեւէ այլ բան չգտնելով, որոշել են իմ երիտասարդ լինելը դարձնել լուրջ քննարկման առարկա։ Նայեք համաշխարհային փորձը, եվրոպական երկրներում ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլ նաեւ համապետական ընտրություններում հիմնական թեկնածուները երիտասարդներ են։ Տեսեք, թե եվրոպական քանի երկրում այսօր հազիվ 30-ը բոլորած վարչապետեր ու նախարարներ կան եւ դա միանգամայն բնական է։ Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերում իրապես փորձառու տարեց իմ գործընկերներին, որոնք գտնում եմ, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համար պետք է առնվազն մի քանի «սրոկ» քաղաքապետ աշխատած լինես։ Ես այդ կարծիքին չեմ. փորձառությունը որեւէ մեկին գենետիկորեն չի փոխանցվում։ Ի վերջո, ի՞նչն էր խանգարում, այսպես կոչված «փորձառուներին», այս տարիների ընթացքում Աշտարակի առնվազն մի քանի առաջնային խնդիրները լուծել՝ համարձակության պակա՞սը, ինքնուրույն որոշում կայացնելու կարողության բացակայությո՞ւնը, թե վերեւից թելադրվող հանձնարարականներին դեմ գնալու  անկարողությունը։ Այո, երիտասարդ եմ և պետական կառավարման ոլորտում լուրջ փորձառություն չունեմ, բայց կրթությունս և արտադրական ոլորտում տարիների փորձն ինձ տալիս է վստահություն հայտարարելու, որ ես եւ իմ թիմը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ինձ առաջադրել է, մենք միասին կարողանալու ենք տեսանելի ժամկետում անել առաջին շատ պարզ եւ անհրաժեշտ քայլերը, որոնք աշտարակցիներին անպայման վստահություն են ներշնչելու։

-Կարծեմ, դուք ներկայացրել եք  Աշտարակ քաղաքի առողջացման եւ զարգացման ձեր ծրագիրը։

-Բնականաբար, մենք ունենք քաղաքի ողնաշարը կրկին ուղղելու մեր ծրագիրն ու հստակ ճանապարհային քարտեզը, թե ինչ ենք անելու, եւ ինչից ենք սկսելու։ Բայց  այսօր ես կցանկանայի խոսել մի քանի այլ հարցերի շուրջ, քանզի յուրաքանչյուր աշտարակցու արդեն ներկայացվել է  իմ նախընտրական ծրագիրը։

Մասնավորապես, որեւէ կերպ  հասկանալի չէ, թե ինչո՞ւ են հացահատիկը գյուղացուց գնում 90 դրամով, իսկ մեկ կիլոգրամ հացը վաճառում 400 դրամով, ի՞նչն է պատճառը՝ հարկերը, վարկերը, թե՞ պարտադրված հարակից ծախսերը՝ կաշառք, անհիմն տուգանքներ և այլն: Վստահեցնում եմ, որ պաշտպանելու եմ յուրաքանչյուր ձեռներեցի, փոքր և միջին ձեռնարկատիրոջ շահերը, օգնելով իջեցնել Աշտարակ քաղաքում ցանկացած արտադրանքի ինքնարժեքը, հետևաբար՝ վաճառքի գինը:

Աշտարակ համայնքում ավագանու որոշմամբ վերանայվելու է էլ. ցանցերի հետ կնքնված պայմանագրերը, և եթե հոսանքի բացակայության պատճառով բնակիչը վնաս կրի, ինչպես Մուղնիում եղավ, ապա նվազագույն վնասը պետք է փոխհատուցվի պայմանագրի համաձայն, և բնակիչը պարտավոր չի լինելու դրա համար դիմել դատարան: Եթե փորձեմ ընդհանրացնել, ապա Աշտարակ քաղաքում փոքր և միջին ձեռներեցները ունենալու են քաղաքապետի և ավագանու իրական եւ գործնական աջակցությունը:

Հաջորդը՝  ինչո՞ւ են Աշտարակում խմելու ջրի խնդիրները պարբերական, երբ քաղաքը շրջապատված է աղբյուրներով, և ինչո՞ւ պիտի վատ կառավարման համար (մինչև 85% կորուստ) վճարի աշտարակցին:

-Պարոն Մեջլումյան, դուք հավատո՞ւմ եք, որ առանձին վերցրած Աշտարակ համայնքում հնարավոր է վերացնել կաշառք և կոռուպցիա հասկացությունները և ինքներդ լինելու եք ազնիվ:

-Ես, բնականաբար, ուտոպիստ չեմ և շատ լավ հասկանում եմ, որ հիմնովին այն վերացնել հնարավոր չէ, բայց որ հանրությանը հայտնի  կաշառքի, կոռուպցիայի մասին ցանկացած տեղեկատվություն  անմիջապես դառնալու է քաղաքապետի եւ  ավագանու քննարկման առարկա եւ հետեւողական ենք լինելու անօրենի ձեռքը բռնելու հարցում, դրանում կարող եք վստահ լինել։

-Շատ հարցեր ուղղակի օրենսդրական լուծման խնդիր են, մինչդեռ  դուք այդ լիազորությունը չունեք:

-Իհարկե այդպես է, և այդ իսկ պատճառով այսօր ինձ աջակցում է եւ առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ օրենսդրական կարգավորում պահանջող մի շարք հարցեր մենք արդեն քննարկում եւ ապագայում ես քննարկելու ենք ԲՀԿ խմբակցության հետ՝ փորձելով այդ խնդիրների լուծմանը տալ օրենքի ուժ։ Վստահաբար, եկող տարվա բյուջերում Աշտարակ համայնքի կարեւորագույն խնդիրները ներառելու հարցում մեծ աշխատանք է տանելու ԲՀԿ խմբակցությունը։ Մեր երկրին իրապես լուրջ եւ արմատական փոփոխություններ են պետք։ Եւ ուրեմն՝ սկսենք Աշտարակից:

Դիտվել է 929 անգամ
 


Այս թեմայով