Ես հանցագործ չեմ, ես չեմ կրակել. ԱԺ պատգամավոր

sherifԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, ով 2008թ. մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկն էր, մեզ հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը, նշեց, որ ինքը կողմ է ու միանում է դրան եւ, որպես այն ժամանակվա գործող անձ, շահագրգիռ է, որ ճշմարտությունը բացահայտվի: Այս թեմայով մի քանի հարց տվեցինք Գրիգոր Գրիգորյանին:

— Պարոն Գրիգորյան, թեպետ Դուք նախկինում էլ հայտարարել եք, որ այդ օրերին ճիշտ եք գործել, միեւնույն է՝ Ձեր անունն անմիջականորեն շարունակում են կապել այդ դեպքերին, ավելին, ամեն առիթով արդիական են դառնում խոսակցությունները, որ անձամբ Ձեր կողմից է զենքի կիրառում եղել: Որպես այն օրերին ակտիվ գործող անձ, հնարավո՞ր է այս անգամ շահագրգռվածություն ցուցաբերեք, հանձնաժողովի աշխատանքներին աջակցեք ու իրականությունը վեր հանեք:

— Ես հանձնաժողովում ընդգրկվելու շահագրգռվածություն, բնականաբար, չեմ ցուցաբերելու, որովհետեւ այդ հանձնաժողովը քննարկելու է նաեւ իմ գործունեությունը, ես ո՞նց կարող եմ որպես հանձնաժողովի անդամ մասնակցեմ եւ ինքս ինձ հարց տամ: Բնականաբար, եթե ստեղծվի այդ հանձնաժողովը, եւ դրա նիստերին ես հրավիրվեմ, կմասնակցեմ, ինչպես նախորդ ժամանակավոր հանձնաժողովին, սպառիչ պատասխան կտամ իմ իմացածի շրջանակներում:

— Կոնկրետ Ձեր հարցում Դուք որեւէ մտահոգություն չունե՞ք նոր բացահայտումների առումով:

— Ոչ, չունեմ: Ես եղել եմ զինվորական, ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, ես եղել եմ իմ տեղում, ես նույնիսկ մեկ սանտիմետր իմ լիազորությունները չեմ անցել: Իսկ զոհեր եղել են եւ ժողովրդից, եւ նաեւ իմ ենթականերից, որն ինձ շատ մեծ ցավ է պատճառել:

— Իսկ ովքե՞ր են մեղավորները, ասում եք` Դուք Ձեր տեղում եք աշխատել եւ չեք գերազանցել Ձեր լիազորությունները, իսկ ովքե՞ր են գերազանցել, որի արդյունքում զոհեր եւ վիրավորներ եղան:

— Ես էլ կուզենայի, որ իսկապես հայտնաբերվեին ու պատժվեին մարդիկ, ովքեր իսկապես դա կատարել են: Որովհետեւ ես հանցագործ չեմ, իմ ենթականերն էլ հանցագործ չեն:

— Մեղավորների անուններն ինչո՞ւ չեք տալիս, ովքե՞ր են նրանք:

— Չեմ կարող ասել, իրավապահ մարմինները պետք է դա քննարկեին, եւ պարզաբանվեր:

— Ձեր ներկայացրած կուսակցությունը, մասնավորապես ղեկավարը, իր մեղքի բաժինը, ըստ Ձեզ, ունի՞ այդ դեպքերում: Եվ ընդհանրապես, որքանո՞վ է ճիշտ, որ այդ դեպքերի բացահայտումը պահանջում է մի ուժ, որը, տարբեր գնահատականներով, մասնակիցն է եղել կատարվածին:

— Իմ ներկայացրած կուսակցությունն այդ ժամանակ նոր ձեւավորվել էր եւ պարտավորություն ու պատասխանատվություն չէր կարող ունենալ:

— Նկատի ունեմ, որ դեռ մի քանի տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընթերցեց այն մարդկանց անունները, որոնց շրջապատի մարդիկ, թիկնազորի անդամները մասնակցել էին մարտի 1-ի սպանդին: Դրանց թվում նաեւ Գագիկ Ծառուկյանն էր:

— Դա արդեն ուրիշ հասցեատիրոջ պետք է դիմեք, ոչ թե ինձ: Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են իմ անձին` որպես զորքերի հրամանատար, որպես մարդ, զինվորական, գեներալ ու իմ ենթականերին վերաբերող, այն ստորաբաժանման, որը ես եմ ղեկավարել: Դրանից դուրս գալու իրավասություն չունեմ: Կամ Լեւոնի ասած՝ Ծառուկյանի թիկնազորի, Ռուբոյի (նկատի ունի Ռուբեն Հայրապետյանին), Լյովիկի (Լեւոն Սարգսյան) կամ չգիտեմ ում, ես դրանց հետ առնչություն չեմ ունեցել եւ չեմ կարող պատասխանել:

— Ձեր կարծիքով, ԱԺ-ում մարտի 1-ի սպանությունների գործն ուսումնասիրող նոր հանձնաժողովն ի՞նչ կբացահայտի:

— Չեմ կարող ասել, իսկապես չեմ կարող, մի քանի անգամ նման հանձնաժողովներ ստեղծվեց, բայց… Ես անձամբ շահագրգռված եմ, որ  այդ հանձնաժողովն ստեղծվի, եւ բացահայտվեն մեղավորները:

— Վստա՞հ եք, որ չեն բացահայտի, որ Դուք «չերյոմուխայից» անձամբ կրակ եք արձակել:

— Ես վստահ եմ, որ ոչ ես, ոչ իմ ենթականերից որեւէ մեկը ոչ մարտական զենքով, ոչ էլ այլ զենքով կրակոց չենք արել: Ես դրանում վստահ եմ:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով