Ես համաձայն եմ Հենրի Քիսինջերի հետ

Որքան էլ մենք փորձենք Եվրոպայի քաղաքակրթական բացառիկությունը ընդունել որպես աքսիոմ, հասկանալի է, որ այսօրվա Եվրոպան այլեւս ու վաղուց այն չէ, ինչ երեկ էր, եւ վաղվա Եվրոպան հաստատապես չի լինելու այն, ինչ այսօր է։ Եւ այսօր առավել քան արդիական է Հենրի Քիսինջերի հայտնի խոսքը` «Ես ո՞ւմ զանգահարեմ, որպեսզի խոսեմ Եվրոպայի հետ»։ «Բրեքսիթ-story»-ին մոտենում է իր ապոգեյին եւ մեզ ընդամենը մնում է հուսալ, որ Եվրոպական Միություն-Մեծ Բրիտանիա ապահարզանը չի լինի խիստ սկանդալային, ինչպես հոլիվուդյան ապահարզանները։ Այո, աշխարհաքաղաքական խոշորագույն բեւեռներից մեկը` Եվրոպական Միությունը, այսօր բարեփոխումների կարիք ունի` դիմագրավելու լրջագույն մարտահրավերների` ահաբեկչություն, ծայրահեղականություն, պոպուլիզմ, տնտեսական եւ դեմոգրաֆիական ճգնաժամ, անկանոն միգրացիա։ Եւ պատահական չէ, որ հենց Եվրոպական Միության անդամ երկրներից են հնչում Եվրոպական Միության բարեփոխման, երբեմն նաեւ` խիստ էքսպերիմենտալ առաջարկներ։ Ու եթե Լյուքսբեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը վստահ է, որ Եվրոպական Միությունը շատ արագ կարող է փլուզվել միգրացիոն ճգնաժամի պատճառով, եվրոսկեպտիկները առաջարկում են հենց ԵՄ-ին ներսում ներքին աշխատանքային միգրացիայի առավել խստացված կանոններ սահմանել։ Նույն այդ ժամանակ, ԵՄ լոկոմոտիվ Գերմանիայում լրջորեն քննարկում են Մարտին Շուլցի գաղափարը` մինչեւ 2025 թվականը ստեղծել Եվրոպայի Միացյալ նահանգներ։ Մի խոսքով` ակնհայտ է, որ Եվրոպան պիտի փոխվի, որովհետեւ, ինչպես իմ կարծիքով իրավացիորեն նշել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին` «Եթե Եվրոպան չփոխվի հնարավորինս արագ, ապա Եվրոպայի ապագա պատմությունը կգրվի արդեն առանց մեզ»։
Հիմա վերադառնամ Հայաստան։
Նոյեմբերին Բրլուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը, որը նախատեսում է բարեփոխումների լայն շրջափուլ մեր կյանքի անխտիր բոլոր ոլորտներում։ Կլինե՞ն այդ բարեփոխումները, թե `ոչ, կապրենք կտեսնենք։ Բայց որ Մոսկվիչի շարժիչով, եւ մեքենայի թափքում որպես ուղեբեռ ունենալով կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, արդարության ու վստահության տոտալ ճգնաժամը, վատ կառավարումն եւ մարդու հիմնարար իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրները` մենք այլեւս ու դեռ երկար «դիստանցիայի» երկիր չենք՝ դա փաստ է։
Այո, պիտի կարողանալ գրագետ եւ արժանապատիվ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ` գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Եվրոպական Միությունը բանկոմատ չէ։ Իսկ Եվրոպական Միությունը, կարծում եմ, որպես մեր տարածաշրջանի անվտանգությամբ եւ խաղաղությամբ շահագրգիռ կողմ, իր քաղաքականությամբ պետք է նպաստի տարածաշրջանի համաչափ զարգացմանը, եւ հետևաբար` հավասարակշռության պահպանմանը` հաշվի առնելով տարածաշրջանի զգայուն խնդիրները։
Այսօր մեր տարածաշրջանում, ցավոք, դոմինանտ է պատերազմի եւ ատելության հռետորաբանությունը։ Սա վատ, շատ վատ ճանապարհ է։ Եվրոպայի հիմնադիրներից մեկը` Ռոբերտ Շումանը, դեռեւս 1950 թվականին, խոսելով Միացյալ Եվրոպայի մասին, ասում էր, որ մեր գլխավոր նպատակը պետք է լինի պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև՝ անհնարին: Եվրոպան, ծանր ու կորստաբեր պատերազմների միջով անցնելով, այդուհանդերձ, կարողացավ գտնել միասին ապրելու ֆորմուլան։ Մենք եւս պիտի կարողանանք հասնել նրան, որ պատերազմները լինեն ոչ միայն աներեւակայելի, այլ նաեւ անհնար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը տարածաշրջանային հիմնախնդիրների հանդեպ ունենա ադեկվատ մոտեցում։ Դրա համար հատուկ ջանքեր պետք չեն. ընդամենը՝ անհրաժեշտ է իրերը եւ անձանց կոչել իրենց անուններով։
Ատելության շիզոֆրենիայով տառաապողին, ով կարծում է, որ նավթի թմրասեղի վրա կարող է նստեցնել ողջ եվրոպական կառույցներին, պիտի կոչել իր անունով։ Այլապես` սա անօգուտ շրջապտույտ է, որի հետեւանքները կարող են լինել կործանարար։
Բանաձեւը շատ պարզ է` անհրաժեշտ է նոր քաղաքականություն` ավելի բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ աշխարհ ունենալու համար։ Եւ այդ նոր քաղաքականությունը հավասարաչափ վերաբերում է թե՛ Եվրոպային եւ թե՛ հարեւանության քաղաքականության երկրներին։
Նույն արժեքներով ապրող Եվրոպայի գաղափարը, ինչին մենք հիմա ձգտում ենք, կարող էր կյանքի կոչվել դեռեւս 500 տարի առաջ, երբ չեխ թագավոր Յուրին՝ Պոդեբրադ քաղաքից, մունետիկներ ուղարկեց եվրոպական բոլոր արքունիքներ՝ առաջարկելով ամեն տարի թագավորական ժողովներ կազմակերպել՝ միասին քննարկելու եվրոպական ընդհանուր գործերը՝ ինչպե՞ս դադարեցնել պատերազմները, ինչպե՞ս կարգավորել առեւտրական հարաբերություններ։ Մի խոսքով՝ առաջարկելով՝ ՙեկեք ապրենք խաղաղ՚։ Միացյալ Եվրոպայի գաղափարը, սակայն, սկսեց իրագործվել չեխ թագավորի չհաջողված նախաձեռնությունից 500 տարի ուշ, այս անգամ արդեն ֆրանսիական Կոնյակ քաղաքի բնակիչ Ժան Մոնեի նախաձեռնությամբ, երբ 1950 թվականին, Փարիզի իր առանձնատանը, Մոնեն հավաքեց եվրոպական խոշորագույն քաղաքական գործիչներին եւ նրանք ՙբացահայտեցին՚ շատ պարզ մի ճշմարտություն. այն, որ ժողովուրդներին եւ պետություններին ավելի շատ արժեքներ միավորում են, քան բաժանում։ Հայտնի խոսք կա` մենք այն ենք, ինչ մտածում ենք։
Իսկ թե ի՞նչ եւ ինչպե՞ս ենք մենք մտածում` դրանից են կախված մեր քայլերն ու գործողությունները։
Կարծում եմ, կհամաձայնեք, որ մեր շատ մտքեր եւս այսօր հեղափոխության կարիք ունեն։
Գրում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով