Ես ծանրակշիռ ապացույցներ ունեմ Սարկոզիի դեմ. Մուամմար Քադաֆիի ավագ որդի Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆի

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի ավագ որդի Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հայտարարել է, որ նա ծանրակշիռ ապացույցներ ունի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ և պատրաստ է ցուցմունք տալ, հայտնում է Africa News-ը:

«Ես ասում եմ, որ ծանրակշիռ ապացույցներ ունեմ Սարկոզիի դեմ, և ես դեռևս այդ գործով վկա հանդես չեմ եկել, ինչպես և լիբիական հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա Սենուսին, որն ունի մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը Տրիպոլիում Սարկոզիի և Քադաֆիի առաջին հանդիպման ձայնագրությունը: Ցուցմունքներ է պատրաստ տալ նաև Libya Investment ընկերության նախկին տնօրեն Բաշիր Սալահը՝ չնայած նրան, որ իրեն սպառնում են»,- ասել է նա:

Քադաֆին նաև կոչ է արել Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին աջակցել Լիբիայում ընտրական գործընթացին՝ «շտկելու համար նախկին նախագահի սխալները»:

Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել է Փարիզի արվարձանում՝ 2007 թվականի իր նախընտրական քարոզարշավի՝ լիբիական իշխանությունների կողմից ֆինանսավորվելու գործի հետաքննության շրջանակում:

2012 թվականի գարնանը ֆրանսիական Mediapart պարբերականը փաստաթղթեր է հրապարակել, որոնցից հետևում է, որ լիբիական ռեժիմը նախկին նախագահի մերձավոր մարդկանց է փոխանցել 50 միլիոն եվրո:

Այս թեմայով