Ես լևոնականներին պիտի գյուլեմ. Վահրամ Սահակյանը զենքով հայտնվել էր Հյուսիսային պողոտայում

big_c9db8f9faԱյս օրերին ակտիվորեն քննարկում է հայտնի աստղերին բնակարաններ նվիրելու քաղաքապետարանի քայլը: Բնակարան ստացողներից մեկը թատերագիր Վահրամ Սահակյանն էր: Նա իրեն բնակարան նվիրողներին քննադատողներին մայր էր հայհոյել: Շատերը զարմանում են, թե Վահրամ Սահակյանը ինչու է իրեն այսպես ոչ ադեկվատ պահում: Մենք ներկայացնում ենք մի դրվագ Վահրամ Սահակյանի կյանքից, որը կարծում ենք կփակի բոլոր քննարկումները և հասկանալի կդարձնի, որ քննադատությունները անիմաստ են և անտեղի:

Ներկայացնում ենք a1plus.am-ի 2008 թվականի հուլիսի 11-ի մի հրապարակում.

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վահրամ Սահակյանը:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք` հրապարակախոս Վահրամ Սահակյանը ժամը 22.10-ի սահմաններում ճոճվելով, գազային ատրճանակով հայտնվել էր Հյուսիսային պողոտայում եւ հայհոյելով, ինչպես ինքն էր ասում, ««Լեւոնական» էր փնտրում «գյուլելու» համար»:

Երկվա միջադեպի վերաբերյալ Ոստիկանության կենտրոնի բաժինը տեղեկացնում է. «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն գնալիս, ձեռքում պահել է գ-3478 լիցենզիայով 12.01.2006 թ. իրեն տրված «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակը: Երբ նշված զենքը ձեռքին հասել է Հյուսիսային պողոտա, նրան է մոտեցել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ Վ. Սահակյանին, զենքով հանդերձ, հանձնել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին»:

Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը բացատրություն է տվել, թե Սահակյանը պարզապես քայլել է` զենքը ձեռքին բռնած, որեւէ մեկին չի սպառնացել, որեւէ գործողություն չի կատարել:

«Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ Վահրամ Սահակյանը` նշելով, որ ատրճանակը ձեռքին է պահել` հագուստը ուղղելու եւ զենքը հագուստի վրա ամրացնելը հարմար չլինելու պատճառով: Համաձայն Երեւանի «Շտապօգնություն» ՊՓԲԸ կողմից կազմված արձանագրության` Վահրամ Սահակյանը գտնվել է 3-րդ աստիճանի խմածության վիճակում»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունից ակնհայտ է, որ որեւէ մեկը չի զրուցել Հյուսիսային պողոտայում այդ պահին ներկա գտնվողների եւ նրանց հետ, ում վրա զենք է բարձրացրել Վահրամ Սահակյանը: «Վահրամ Սահակյանը հայտնվեց ճոճվելով, ձեռքին ատրճանակ: Հայհոյելով ասում էր. էստեղ ուր են լեւանականները, քանիսին պիտի միանգամից գյուլեմ»: Հետո մեր տղաներից հաջողվեց նրա ձեռքից վերցնել ատրճանակը եւ տալ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որն էլ զենքը հանձնեց ոստիկաններին»,- «Ա1+»-ին պատմեց ականատեսներից Ալլա Սարդարյանը: Մեկ այլ ականատես` Արմեն Հովհաննիսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Վահրամ Սահակյանը քայլել է իր կողքով եւ հայհոյելով ասել.«Պիտի գյուլեմ, փռեմ լեւանակններին»:

« Կնոջս հետ էի, նրան թողեցի եւ մոտեցա Վահրամին: Այդ ընթացքում մեր տղաներից Արմանը նրա ձեռքից կարողացավ վերցնել զենքը եւ տալ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին»,-ասաց նա:

Վահրամ Սահակյանի ձեռքից գազային ատրճանակը վերցրել է Արման Վեզիրյանը, որն ասաց. «Ես թույլ տվեցի, որ Վահրամն անցներ իմ կողքով , որպեսզի հետեւից կարողանայի ոլորել նրա ձեռքն ու վերցնել ատրճանակը: Ատրճանակը տվեցի Արմեն Մարտիրոսյանին: Այդ ընթացքում նա հայհոյում էր եւ սպառնում սպանել բոլոր լեւոնականներին»:

Հյուսիսային պողոտայում ներկա գտնվողներից Մկրտիչ Սարգսյանը, տեսնելով Վահրամ Սհակյանին, կարծել է. «Ինձ թվաց հիվանդ տղա է, ձեռքին խաղալիք ատրճանակ է, բայց կանայք շատ վախեցան, քանի որ քայլեց կանանց ուղղությամբ եւ նրանց հարցնում էր` ո՞ւմ գյուլեմ»: Կանանցից մեկին` Լաուրա Տերտերյանին նույնիսկ հանգստացնող դեղեր են տվել: «Հանգիստ նստած էինք, զենքը ձեռքին եկավ, թե ձեզանից ո՞վ է լեւոնականը, պիտի փռեմ: Հետո իմացանք, որ Արամայիս Սահակյանի տղան է: Ի՞նչ կապ ունի, թե ում տղան է: ժողովրդի վրա զենք է բարձրացրել` պիտի պատասխան տա: Ոչ ոք չէր կարող վստահ լինել, որ նա չի կրակի, եթե կրակեր, ո՞վ էր պատասխան տալու»,- ասաց տիկին Տերտերյանը:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը,որն, ըստ Ոստիկանության հաղորդագրության,ասել է, թե Սահակյանը պարզապես քայլել է` զենքը ձեռքին բռնած, որեւէ մեկին չի սպառնացել, այսօր «Ա1+»-ին պարզաբանեց. «Ես ասել եմ, որ այն պահին, երբ ես մոտեցել եմ Սահակյանին, արդեն զենքը ձեռքից վերցրած են եղել: Իսկ մինչ այդ ինչ է ասել Սահակյանը, ում է սպառնացել, ում է հայհոյել, ես չեմ նկատել, քանի որ հեռու եմ կանգնած եղել»:

Դիտվել է 3,600 անգամ
 


Այս թեմայով