«Ես եմ» ծրագրի զինծառայողների գումարը ԴԱՀԿ-ն չի բռնագանձել

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում, ներկայացրել է ՀՀ ՊՆ պարզաբանումը՝  “Հայկական ժամանակ” օրաթերթի մարտի 2-ի հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ «Ես եմ » ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ: 

ՀՀ ՊՆ պարզաբանում

“Հայկական ժամանակ” օրաթերթի մարտի 2-ի հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ «Ես եմ » ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ՝ չի համապատասխանում իրականությանը և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատվում է որպես ապատեղեկատվություն և փաստերի խեղաթյուրում: 

 2017 թվականի դեկտեմբերից կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հաշվետվության բարձրացման նպատակով այդ անձնակազմի այդ թվում ժամկետային պարտադիր զինծառայողների դրամական ապահովությունը հաշվարկվել է անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, սկսվել է քարտերի տրամադրման և 2017թ. դեկտեմբեր ամսվա դրամական ապահովության հաշվարկման գործընթացում բանկերի կողմից ՀՀ պաշտպանության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն, համաձայն որի մի շարք ժամկետային պարտադիր զինծառայողների մասով առկա են կատարողական թերթեր՝ վերջիններիս դրամական գումարների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ: Հաշվի առնելով ժամկետային պարտադիր զինծառայողների ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշմամբ սահմանված դրամական ապահովության չափերը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվեց և ս.թ. փետրվարի 8-ին շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծ, որի համաձայն ժամկետային պարտադիր զինծառայողների դրամական ապահովության, այդ թվում՝ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում:

«Ես եմ» ծրագրով զորակոչիկները ՀՀ զինված ուժեր են զորակոչվել 2018թ. հունվարի 28-ին, իսկ նրանց դրամական ապահովության հաշվարկը առաջին անգամ իրականացվել է սահմանված կարգով՝ փետրվարի 20-ից հետո, որի պարագայում ՀՀ պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը չէր կարող կապված լինել «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների դրամական ապահովության հաշվարկման հետ: Բացի այդ, ս.թ. փետրվար ամսվա ընթացքում նշված զինծառայողներին դրամական ապահովության փոխանցման շրջանակներում չի բացահայտվել որևէ զինծառայողի նկատմամբ հարկային կատարման գործընթացի առկայություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելիս հենվել միայն հավաստի տեղեկության վրա և ներկայացնել միայն անկողմնակալ ու իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:

Այս թեմայով