Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկը

162988Քչերը գիտեն, սակայն Արցախյան պատերազմին մասնակցել է նաև մուսուլման մարտիկ: Կուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսովը հայտնի մարտիկ է եղել և Արցախյան պատերազմի նրա մասնակցության պատմությունը բավական հետաքրքիր է: Կուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսով  Ծնվել է 1969 թվականին։ Ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորվել է։ Հետագայում հայ զինակիցներից մեկը Նեֆեսովին արյուն է տվել։ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերումից հետո Նեֆեսովը ժամկետային ծառայություն էր անցնում Հայաստանում, ապա՝ հայտնվում է Արցախում և որոշում է միանալ հայ ազատագրական պայքարին։ 1991 թվականին Վոլոդյա Մաթևոսյանը ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը և միանգամից մեկնում Արցախ, որին էլ հենց սկզբից միանում է Կուրբանմուրադ Նեֆեսովը։ Ջոկատի մեջ հայերից բացի եղել են եզդիներ, ռուսներ, ասորի, հույն և թուրքմեն։ Պատերազմի ժամանակ հայտնի էր «Բասմաչ» կամ ուղղակի «Թուրքմեն» մականուններով։

1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազատել Քարվաճառի շրջանի լեռնաբերձ Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։ Նեֆեսովը հետախուզման է գնացել և իրեն կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանիհրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը։

Կուրբանմուրադ Նեֆեսովը զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։ Զոհվելուց հետո Նեֆեսովի մարմինը 4 ամիս մնացել է դիարանում, քանի որ պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն Թուրքմենստան, սակայն վերջում որոշում է կայացվել հողին նրան հանձնել Եռաբլուրում։ Նեֆեսովը Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկն է։

Կուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսովի պատմությունը ցույց է տալիս Արցախյան պատերազմին մասնակից հայկական կողմի ազնվությունը, ինչի համար հայ ժողովրդի պայքարին միացել են նաև մուսուլմանները:

Դիտվել է 381 անգամ
 


Այս թեմայով