ԵՄ-ն քաղհասարակությանը 1.74 մլն եվրո է տրամադրում 5 նոր ծրագրի համար

  Եվրոպական միությունը 1․74 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ այս ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված և հաստատված հիմնական արժեքները:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է. — «ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարևորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ քաղաքացիներին ներգրավելով կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում: Ես լիահույս եմ, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ»:

«Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող երիտասարդությանը վերաբերող հարցեր, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարման, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր: Այսպիսով, անկախ Ձեր հետաքրքրությունից այս ծրագրերը վերաբերում են յուրաքանչյուրին», — ասել է Սվիտալսկին:

Նոր ծրագրերը կներգրավեն Հայաստանի քաղաքացիներին՝ այդ թվում կանանց և երիտասարդներին, մի շարք գործողություններում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, բյուջետային թափանցիկության ապահովմանը, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, փակ հաստատություններում իրավիճակի գնահատմանը և դրա մասին քննարկումների անցկացմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների միջոցով էներգիայի ծախսերի կրճատման քայլերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացմանը:

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում», «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար», «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում», «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով», «ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրերը կիրականացվեն 2018-19 թվականներին՝ ներգրավելով մարզերի բնակիչներին և նպաստելով նրանց բարօրությանը, ասված է հաղորդագրությունում:

 


Այս թեմայով