ԵՄ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Մոգերինի

«Եվրոպական միությունը նորից հայտարարում է Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը սատարելու իր դիրքորոշման մասին»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ անդրադառնալով ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 10-ամյակին։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ափսոսանք է հայտնել, որ ռուսական զորքերը շարունակում են մնալ այդ երկրի տարածքում (նկատի ունի Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում տեղակայված ռուսական զորքերը), և ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում՝ կրկին որպես միջնորդ հանդես գալու հարցում։

Մոգերինիի մեկնաբանությանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում է այսօր հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ պնդելով, որ ռազմական բախումը սանձազերծել է հենց վրացական կողմը ու պատժվել է դրա համար։

«Հուսով եմ, որ տարբեր ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հետևություններ կարվեն Թբիլիսիում ու մյուս մայրաքաղաքներում` ոչ միայն Կովկասի, այլև ամբողջ աշխարհի»,- նշել է Գրիգորի Կարասինը։

2008 թվականի օգոստոսի 7-ի երեկոյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Աբխազիան ու Հարավային Օսիան վերջնականապես անջատվել են Վրաստանից, իսկ Ռուսաստանը ճանաչել է երկրամասերի անկախությունը։ Այժմ այդտեղ ոչ միայն տեղակայված են ռուսական զորքեր (ինչպես պնդում է Մոգերինին), այլև իրականացվում են տարբեր ինտեգրացիոն գործընթացներ, ինչպես, օրինակ, աբխազական ու հարավօսական զինված ուժերի աստիճանական միավորումը ռուսական զորքերի հետ։

Այս թեմայով