ԵՄ-ն չներեց Հայաստանին

եմՍտրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը սկանդալային ավարտ է ունեցել:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալ: Ըստ էության, այս նիստն առաջինն էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, ու այնտեղ պետք է քննարկվեին Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հնարավորությունները, սակայն այն հայկական կողմի համար, մեղմ ասած, ամոթալի ընթացք է ստացել: Հայաստանի պատվիրակության կազմում էին ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով պետք է զեկուցեր տնտեսական թեմաներով համագործակցության շուրջ, Թեւան Պողոսյանը «Ժառանգությունից»` Լեռնային Ղարաբաղի հարցով էր զեկուցելու, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով պետք է ելույթ ունենար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շուրջ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պետք է ներկայացներ տարածաշրջանային համագործակցության մանրամասները, իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը, ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության հեռանկարների շուրջ: Այսինքն՝ քննարկումների օրակարգը բավականին լայն էր: Սակայն ԵՄ պատվիրակությունը չի ներկայացել այն կազմով, որը նախատեսված է եղել: Ընդամենը 4-5 հոգի են ներկա եղել՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը եւ տեխնիկական խնդիրները, մասնավորապես, դահլիճ չլինելու հետ կապված՝ առաջարկել են ելույթները մի կողմ դնել ու քննարկումներին անցնել հարցուպատասխանի ֆորմատով: Մեր պատվիրակներից որեւէ մեկին այդպիսով հնարավորություն չի ընձեռվել զեկույցով հանդես գալ: Ճեպընթաց նիստի ընթացքում ԵՄ գործընկերները մերոնցից, այսպես ասած, հաշիվ են պահանջել, թե ինչպես եղավ, որ 3-4 տարի շարունակ ասոցացվելու խոստումներ էին տրվում, բայց, ի վերջո, Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունվեց: Օրինակ, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Հայաստանի հետ ընդգրկուն տնտեսական համագործակցության հարցեր էին բարձրացվել ու լուծումներ առաջարկվել: Ապա նա հարց է ուղղել ՀՀ պատվիրակությանը, թե Մաքսային միությանը միանալուց հետո ինչպիսի օրակարգային հարցեր է տեսնում ՀՀ պատվիրակությունը, ԵՄ տնտեսական կապերի ինչ նոր ձեւաչափ, եւ, ի վերջո, որն էր Մաքսային միությանն անդամագրվելու շահը: Այս հարցին փորձել է պատասխանել Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե Հայաստանին «լուսավոր ու ապահով ապագա է սպասվում Մաքսային միությունում, իսկ Հայաստանի տնտեսությունը ծաղկելու է ՄՄ կազմի մեջ մտնելուց հետո»: Բաղդասարյանի սովետական պաթոսը լսելուց հետո հարցն ուղղած ԵՄ պատվիրակության անդամն ուղղակի ցուցադրաբար լքել է նիստերի սրահը: ԵՄ մեկ այլ պատվիրակ էլ մերոնց հիշեցրել է հայաստանյան պատվիրակության նախկին պնդումները՝  խոր համագործակցության ձեւաչափի մասին, համոզելով, որ ԵՄ-Հայաստան ասոցացման գործընթացը բացասական չի անդրադառնա ՌԴ-ի հետ Հայաստանի կապերի վրա:

Սա ասվել է այն բանից հետո, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գովերգել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն ու մեղադրել ԵՄ-ին այն բանում, որ բանակցությունների ժամանակ հաշվի չի առնվել ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի անվտանգության հարցը: ՀՀԿ-ական պատգամավորը բողոքել է ԵՄ-ից` մեղադրելով նաեւ, որ Եվրոպական Միությունն ակտիվ չի միջամտում ղարաբաղյան հարցին ու չի դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Ի պատասխան հնչել է, թե ՀՀԿ-ական պատգամավորը, հավանաբար, լավ չի տիրապետում ղարաբաղյան խնդրին, քանի որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ ԵՄ-ի կողմից եղել է առաջարկ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիային փոխարինել ԵՄ-ով, սակայն ՀՀ նախագահը մերժել է այդ առաջարկը:

Մի խոսքով՝ ԵՄ պատվիրակներն ընդհանուր առմամբ հայտնել են, որ ՀՀ-ի հետ նոր համագործակցությունը պետք է սկսել ուղղակի զրոյից, իսկ առավել անողոքները չեն խնայել մերոնց եւ հայտարարություն են արել, թե Հայաստանի հետ համագործակցությունը քննարկելու համար պետք է նախ համաձայնություն ձեռք բերել ՌԴ-ի հետ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 2,058 անգամ
 


Այս թեմայով