ԵՄ-ն երկարաձգում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետը

Եվրոպական միության բարձրագույն քաղաքական կառույցը՝ Եվրոպական հանձնաժողովը, հուլիսի 6-ին որոշել է մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Որոշումն ընդունվել է, ինչպես կանոնն է պահանջում, գրավոր եւ միաձայն: Պատժամիջոցներն առնչվում են Ռուսաստանի ֆինանսական համակարգին, էներգետիկային, պաշտպանության բնագավառին, ինչպես նաեւ երկակի նշանակության արտադրանքին:

Այս պատժամիջոցները Եվրոպական միությունն առաջին անգամ սահմանել է 2014 թվականի հուլիսի 31-ին եւ ապա խստացրել նույն տարվա սեպտեմբերին, գրում է Ազատությունը:

Պատժամիջոցների դրդապատճառը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն է եւ Ուկրաինայի արեւելյան շրջաններում ռուս անջատականներին ցույց տրվող աջակցությունը:

Պատժամիջոցների ենթարկված 5 խոշոր ռուսական ֆինանսական հաստատություն, որոնք ենթարկվում են պետությանը, այդ հաստատությունների քույր-կազմակերպություններն ու մասնաճյուղերը, ռուսական երեք խոշոր էներգետիկ կառույցներ եւ պաշտպանության համակարգի երեք ընկերություն կունենան Եվրոպայի հիմնական եւ երկրորդային ֆինանսական շուկա մուտք գործելու խիստ սահմանափակ հնարավորություն:

Եվրամիությունը սահմանում է Ռուսաստանի հետ զենքի, ինչպես նաեւ երկակի նշանակության արտադրանքի առեւտրի արգելք:

Եվրոպական միությունը Ռուսաստանին զրկում է «զգայուն» տեխնոլոգիաներից եւ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Խոսքը՝ այն տեխնոլոգիաների մասին է, որոնք ռուսները կարող են կիրառել նաեւ նավթի հետախուզման եւ արդյունահանման նպատակով:

Դրանից զատ, Եվրամիությունը երկարաձգում է հասցեական պատժամիջոցները կոնկրետ անձանց նկատմամբ՝ սառեցնելով նրանց բանկային հաշվեհամարները եւ զրկելով վիզաներից:

Այս պահին հասցեական պատժամիջոցների ցանկում 155 անձ է եւ 38 ընկերություն:

Մոսկվան, բնականաբար, դատապարտել է Եվրոպական խորհրդի վճիռը: «Մեր երկրի նկատմամբ պատժամիջոցները եւս կես տարով երկարաձգելու Եվրոպական խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցողական վերաիմաստավորման եւս մեկ կորցված հնարավորություն է»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Այս թեմայով