Եկել է իշխանությունը վայելելու փուլը

Միանգամայն անթափանց թափանցիկության, վերապահելի ազատության ու կասկածելի արդարության պայմաններում անցկացված և զարմանալիորեն չվիճարկված արտահերթ ընտրությունների հետևանքով իշխող դարձավ բոլորին անճանաչ էություն ու բովանդակություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այսուհանդերձ, փաստ է, որ ամեն ինչ քաոսի վերածելու անսպառ կամք և որևէ կառուցողական ներուժ չունեցող այս քաղաքականացված ուժն առայսօր մեր երկրի ոչ մի քաղաքացու հետ ոչ մի պայմանագիր չունի:

Հեղափոխական երկրորդ փուլն, ըստ հայտարարվածի, արդեն սկսվել է, բայց դեռ չկա տնտեսական խոստացված հեղափողությունն սկսելու գեթ մեկ նախադրյալ: Հիմնական հնարածին պատճառն, իհարկե, գազի գնի հետ կապված խիստ կանխատեսելի «անակնկալն» է: Այսինքն. տնտեսական առաջընթացի և սոցիալական բարգավաճման սպասող քաղաքացին թեև զգում է օրեցօր ավելացող հարկային բեռի ծանրությունը, բայց չգիտի, թե ինչպիսին են լինելու արդյունքները և երբ են դրանք երևալու: Մինչդեռ վարչապետի ժպ-ն բոլորովին այլ խոստումներ էր շռայլել, պատվիրել էր՝ հավատալ իր խոսքին ու «թյուրիմացաբար» դրանք որևէ տեղ չէր գրառել:

Օրինակ. եթե դրանք գրված լինեին իներցիայով ընդունված պետական բյուջեի կամ ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ապա կարող էին յուրատիպ «պայմանագիր» համարվել: Նման «անշրջահայաց» բացթողման պատճառով վարչապետի ժպ-ն, իր ՔՊ-ն ու խորհրդարանական ԻՔ-ն ազատ են սոցիալական պարտավորություններից, բայց հետևողականորեն ու քայլ առ քայլ իրագործում են կիսաձայն հնչեցրած ու բազմակի հերքած բոլոր խոստումները: Առանց պայմանագրի էլ ու «ազատ, արդար, թափանցիկ» հնարքների միջոցով իրենց քվեները հանուն վարչապետի ժպ-ի ԻՔ-ին «տված» քաղաքացիներին իշխող դարձած ուժն այսօր պարգևում է գործազրկություն ու նոր հարկեր:

Այլևս ո՛չ վարչապետի ժպ-ն, ո՛չ էլ իշխանական դարձած ՔՊ-ն ու ԻՔ-ն չունեն իրենց պաշտող ամբոխին «ժողովուրդ» անվանելու կարիքը, քանի որ իշխանությունն ու ամբոխը հակոտնյա են, հերթական համապետական ընտրությունները կայանալու են միայն 5 տարի հետո, իսկ շատ ավելի հավանական արտահերթ ընտրությունների ժամանակ իրենք պարզապես չեն լինելու՝ որ մասնակցեն: Հետևաբար. ոչնչից իշխանություն դարձած ու իրենք իրենց «վերնախավ» հորջորջող քպականներն այլևս միայն մեկ հոգս ունեն՝ ցմրուր վայելել իրենց կարճատև իշխանությունն ու ապահովել անփառունակ ապագայի ֆինանսական միջոցները:

Ահա՛ և կամային որոշումներով կառավարության կառուցվածքը փոխելու, նախարարությունները վերաձևելու, ԱԺ հանձնաժողովներն ավելացնելու, ցրիչների, վարորդների, օգնականների ու խորհրդականների քանակը բազմապատկելու, գրեթե երկու հարյուր հազար քաղծառայողների գործազուրկ դարձնելու և հնարավոր ամեն ինչի համար հարկ սահմանելու նպատակը: Չէ՛ որ՝ «վերնախավից» յուրաքանչյուրն ունի իր քավորն ու սանիկը, ընկերն ու բարեկամը, հարևանն ու ծանոթը, մոտիկն ու մերձավորը, որոնք՝ անկախ դաստիարակությունից ու կրթությունից, պետք է առանց վերապահումների վայելեն բյուջեից սնվելու բերկրանքն ու անվերահսկելի իշխանության ընձեռած արտոնությունները:

Հայաստանի հպարտ ու դուխով քաղաքացիներից որևէ մեկը կարո՞ղ է նշել վարչապետի ժպ-ի ու նրա տիկնոջ գեթ մեկ բարեկամի կամ ծանոթի, մերձավորի կամ ընկերոջ, որը կարողանում է գրել ու կարդալ, բայց դեռ նոր ու լավ վարձատրվող պետական աշխատատեղով, շահութաբեր պաշտոնով կամ արտորություններով չի պարգևատրվել:

Տիգրան Ուզունյան

Այս թեմայով