ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել

exxv211ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել.

«Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի ունեցավ խնդրահարույց բանաձևերի քվեարկությունը։ Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել էր իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներ՝ Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին։ Բանաձևերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկ Խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաև լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները։ Խորհրդարանական Վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ուոլթերի տխրահռչակ բանաձևը: Ինչ վերաբերվում է Սարսանգի վերաբերյալ բանաձևին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն։ Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին ԼՂ կարգավորման համար վտանգավոր Ուոլթերի զեկույցը»։

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով