«Ելք»-ը Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով դիմել է կառավարություն

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այսօր նամակով դիմել է կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն փորձում են այս հուշագրով ստեղծել տպավորություն՝ իմիտացիա, որ այնտեղ կա մեծամասնություն և կարող են շարունակել նիստեր գումարել։

«Կառավարությունը պետք է կատարի իր լիազորությունները և կատարի Սահմանադրական դատարանի պահանջը, և լուծարի ավագանին ու նոր ընտրություններ նշանակի, կամ պետք է ինչ-որ սողանցքներ գտնեն։ Հիմա փորձում են Վանաձորում այս հուշագրով ստեղծելտպավորություն՝ իմիտացիա, որ այնտեղ կա մեծամասնություն և այսուհետ շարունակեն նիստեր գումարել՝ մեկնաբանելով մոտավորապես այսպես՝ «դե մինչև հիմա, հակասահմանադրական չէր, քանի որ չկար Սահմանադրական դատարանի որոշումը, մենք դրանից օգտվելենք, հիմա դարձել է հակասահմանադրական մենք էսօրվանից հաշված նիստեր կգումարենք և այլևս ավագանին լուծարելու կարիք չի լինի։ Բայց այս մեկնաբանության մեջ հաշվի չի առնված այն փաստը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել մինչ այդ տեղի ունեցած բոլոր նիստերը և դրանցում կայացված որոշումները, հետևաբար սա չի կարող աշխատել։ Սա ուղղակի էն խեղդվողի փրփուրներից կառչելու փորձն է, մենք ուշիուշով կհետևենք՝ սպասելով կառավարության պատասխանին», — ասաց «Ելք» խմբակցության քարտուղարը՝ շարունակելով. — «Գնդակը գտնվում է կառավարության դաշտում։ Նա հենց այս պահին հնարավորություն ունի կյանքի կոչելու Սահմանադրական դատարանի վճիռը, մենք կսպասենք, երբ որ կլինի արդյունքը, մենքնոր կասենք մեր անելիքները»։

 


Այս թեմայով