«Ելք» դաշինքի երեք կուսակցությունների ճանապարհային քարտեզում փողոցային պայքար կա. Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքի երեք կուսակցությունների ճանապարհային քարտեզում փողոցային պայքար կա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Միաժամանակ, Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայքարի» ճանապարհային քարտեզը մոդիֆիկացվել է, ինքը դրան ծանոթ չէ:

«Կան տակտիկական տարբերություններ, տարբեր մոտեցումներ կան: Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա»,- նշեց Մարուքյանը՝ միաժամանակ ասելով, որ իրենք պարզապես մտահոգություն ունեն, որ հարթակում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր իրենց համար անցանկալի են:

Էդմոն Մարուքյանը չմանրամասնեց, թե որ ուժերին նկատի ունի: «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ բռնություններ չլինեն: Եթե որևէ մեկը փորձի այդտեղ բռնություն կիրառել, բռնության քարոզ անել, կկանխվի նախաձեռնողների կողմից»,- նշեց նա:

Մարուքյանն ասաց, որ բանակցություններ կլինեն ամեն դեպքում, իրենց տարակարծությունը ամենևին էլ չի բացառում բանակցությունները: «Մի կոմպոնենտ չէ, որ անհամաձայնություն է առաջացրել մեզ մոտ, բազմաթիվ են կոմպոնենտները»,- ասաց նա:

Մարուքյանը չբացառեց, որ մի փուլում կմիանան նաև ՔՊ-ին:

«Որպես խորհրդարանական ուժ՝ մենք միշտ պատկերացրել ենք, որ այնպես ինչպես առաջին օրից այստեղ աշխատել ենք, այդպես էլ պետք է շարունակենք աշխատել: Մենք պետք է դառնանք այլընտրանք, ցույց տանք, որ ունենք այլընտրանքային վարչապետի թեկնածու, կառավարութան ծրագիր, որ Հայաստանի քաղաքացին տեսնի՝ այ եթե ոչ սա, ուրեմն ինչը: Եվ ցույց տանք, թե ինչը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ կառուցել է պետք այլընտրանքային համակարգ, որը կփոխարինի գործող համակարգին: «Եթե կառաջադրվի Սերժ Սարգսյանը, ուրեմն դեմ կքվեարկենք, կվիճարկենք մեր հարցերով, քննարկումներով, կունենանք մեր թեկնածուին՝ կընտրենք մեր թեկնածուին»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք ասում էին, որ եթե մարդիկ ընտրեն ՀՀԿ-ական թեկնածուներին, դա նշանակում է, որ ընտրում են Սերժ Սարգսյանին:

«Տնետուն գնացել ենք, այս ամենն ասել ենք, մարդիկ գնացել են ձայն են տվել, տեղամասերում ձայները մենք պահել ենք, հիմա ի՞նչ ենք խոսում: Մարդիկ կարո՞ղ են փոշմանել, այո, կարող են փոշմանել, երևո՞ւմ է, որ փոշմանել են՝ չգիտեմ, կտեսնենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

 


Այս թեմայով