«Ելք» դաշինքը կթուլանա, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը կամրանան

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ներքաղաքական կյանքի ակտիվ քննարկման թեմա է դարձել «Ելք» դաշինքում ստեղծված իրավիճակը, որը կապված է Սերժ Սարգսյանի՝  վարչապետության դեմ մղվելիք պայքարի մարտավարությանը:

Դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն հայտարարել է, որ հնարավոր է դաշինքի անդամ ամեն կուսակցություն իր ընտրած ճանապարհով առաջնորդվի. «Յուրաքանչյուր կուսակցություն կարող է կայացնել որոշում իր անելիքների վերաբերյալ, ունենալ որոշումներ և պատկերացումներ, որոնք հարյուր տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշման հետ ու նրանք կարող են իրագործել այս որոշումները», — ասել է պատգամավորը:

Երեկ օրվա ավարտին հստակեցվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր շարժում է սկսում, որի նպատակն է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը 2018 թվականի մարտի 19-ին տեղի ունեցած նիստում որոշեց.

Նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:
Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին»,-ասվում է կուսակցության հայտարարությունում:

«Ելք» դաշինքի համար իրապես ստեղծվել է դժվարին իրավիճակ: Դաշինքը այս տեմպերով կկորցնի իր ժողովրդականությունը և առաջիկա ընտրություններում դժվար թե կարողանա իր դիրքերը ապահովել: Այս ֆոնին աճում է Նիկոլ Փաշինյանի և իր ղեկավարած կուսակցության շանսերը: Նրանք հանրության համար դառնում են առավել վստահելի ընդդիմադիր կառույց և ավելի մեծ հնարավորություններ կստանան առաջիկա քաղաքական պրոցեսներում:

 


Այս թեմայով