«Ելքի» երթի մասնակիցների թվաքանակից հասկանալի է՝ գնաճը սարսափելի չէ, ինչպես ներկայացվում է. Ա. Վարդանյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն մի շարք հարցերի կողքին, խոսեց նաև գնաճից: Նա նշեց, թե «Ելքի» հրավիրած՝ գնաճի դեմ պայքարին դուրս եկած քաղաքացիների թվից հասկանալի է, որ գնաճը սարսափելի չէ, ինչպես ներկայացվում է:

«Մենք ունենք գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելքի» երթով, և տեսաք հասարակության մասնակցությունը, հասարակության աջակցության չափն ու ծավալները»,-ասաց նա:

ՀՅԴ քարտուղարը նշեց, թե իհարկե ինքն ուրախ կլիներ, որ օբյեկտիվ հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա շատ ավելի լայն աջակցություն գտներ: «Բայց չեմ կարծում՝ կանաչ ժիգուլին կամ անպտուղ կենդանի ջորին հրելը կրեատիվ մտածողության արդյունք է, ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ եթե պահանջում են հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է ասել՝ ինչպես են արտաքին պարտքը սպասարկելու, բարձրացնելու կենսաթոշակները, աշխատավարձերը:

«Կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին 10 տարիներին չենք ունեցել»,-ասաց նա և նշեց, թե բոլոր ցուցանիշներում աճ կա:

Նա համաձայն է վարչապետի հետ, որ բենզինին այլընտրանք կա՝ ինքը ևս բենզինով էր մեքենան վարում, անցել է գազի և շատ ավելի էժան է: «Նույն սեղմված գազը, իմ տեղեկություններով՝ 20 դրամով է բարձրացել: Տնտեսական փոփոխությունները, դրական ցուցանիշներն ակնհայտ են»,-ասաց նա:

 


Այս թեմայով