Եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու. ԱԳ նախարար

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքում ընկած սկզբունքները հնացած են: Այս հայտարարությանը և հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումների մեջ տարբերություն կա, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.

 «Պարոն Մայիլյանն արտահայտվել է որպես ԼՂ ԱԳ նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք և շարունակական փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որովհետև սա իրապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ-ի իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորումներ են, և մենք չենք հրաժարվում մեր դիրքորոշումներից և երբևէ չենք հրաժարվելու մեր դերակատարությունից այս խաղաղության գործընթացի մեջ: Այո´, ՀՀ-ն եղել և մնում է միակ երաշխավորը Արցախի անվտանգության` մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով և մնալով հավատարիմ խաղաղ գործընթացին և բանակցային գործընթացին, մենք նաև աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների նաև մեր Արցախի գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»:

Նախարար խոսքով` դիտարկում են շրջանակ և դրա մեջ աշխատում են փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ: Մնացականյանն ասաց, որ այդ շրջանակը գոյություն ունի և երբևէ որևէ մեկը չի մերժել դա, բայց այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորեցումների մեկնաբանումը  և համադրումը.
«Եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու: Եվ այդ առումով, եթե մենք շատ հաճախ մեզ հարց են տալիս, թե որքանով է ՀՀ-ն զիջում. մենք ասում ենք, որ չի կարող լինել նման երևույթ, նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզ չի աշխատելու: Մենք ընդգծել ենք շատ հստակ մի կարևոր սկզբունք՝ խնդիրը վերաբերում է մարդուն և նման 150 հազար կոնկրետ մարդկանց և իրենց անվտանգությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը»:

Այս թեմայով