Եթե Ռուսաստանը թույլ չտա Սերժ Սարգսյանին վերադառնալ Հայաստան

Նոյեմբերի 4-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Լիբանանի վարչապետի հայտարարության ամբողջ տարօրինակությունը կայանում էր նրանում, որ նա այդ մասին հայտարարեց  Սաուդյան Արաբիայում: Նրա խոսքով, այդ որոշումն ինքը կայացրել է` ելնելով այն իրական վտանգից, որ սպառնում է իր կյանքին:

Հիշեցնենք, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում էր գտնվում այդ երկրի իշխանությունների հրավերով և հրաժարականից մինչ այսօր շարունակում է մնալ այդ երկրում: Լիբանանի քաղաքական և հասարակական շրջանակներն արդեն իսկ հայտարարություններով են հանդես եկել ու հստակ արձանագրել են, որ իրենց համար վարչապետ Հարիրին պատանդ է սաուդցի իշխանավորների ձեռքին: Նրանք նկատում են, որ Լիբանանի արտաքին քաղաքական կողմնորոշումը  չի գոհացնում սաուդիներին ու այս կերպ նրանք փորձում են կոտրել Լիբանանի կամքն ու միասնականությունը: Լիբանանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ չի ընդունում վարչապետի հրաժարականը ու չի պատրաստվում նոր վարչապետ նշանակել:

Լիբանանում տեղի ունեցող այս իրադարձությունները հետաքրքիր մտքեր են առաջ բերում: Մտքեր, որոնք կապված են Հայաստանի ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետ: Հայաստանի իշխանություններն էլ այնքան թույլ են, որ կարող են թույլ տալ օտար երկրի որոշել մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգը:  Հայաստանի դեպքում մեծ է Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը: Հենց Ռուսաստանն է շատ դեպքերում որոշում, թե արտաքին քաղաքական ինչ օրակարգով պետք է առաջնորդվի Հայաստանը:

Նոյմեբերի 24-ին Հայաստանը պատրաստվում է ԵՄ հետ կնքել նոր համաձայնագիր, որը մեր երկիրը փոքր ինչ ավելի կմոտեցնի եվրոպական ընտանիքին: Սա իրապես ՌԴ դժգոհության առիթ կարող է դառնալ: Այս ֆոնին հետաքրքիր է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կանի Հայաստանի քաղքական էլիտան, եթե ՌԴ իշխանությունները որոշեն Մոսկվայում պահել Սերժ Սարգսյանին, ինչպես Սաուդիան Արաբիան է իր մոտ պահում Լիբանանի վարչապետին: Արդյո՞ք ՀՀ քաղաքական էլիտան կունենա նույնքան դիմադրողականություն, որքան Լիբանանի քաղաքական էլիտան, թե հենց առաջին հնարավորության դեպքում կփորձեն անել այնպես ինչպես կթելադրի ՌԴ-ն:

 


Այս թեմայով