Home » ՄԱՄՈՒԼ » «Եթե չես կարող ստեղծել գործընկերային պայմաններ, մի նեղացիր ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից»

«Եթե չես կարող ստեղծել գործընկերային պայմաններ, մի նեղացիր ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից»

2310014391422345561Գյումրու դեպքերից հետո քաղաքական և վերլուծական շրջանակների որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնեցին, թե պետք է «ազատվել» ռուսական 102-րդ ռազմաբազայից: Սակայն այս գաղափարը շատերն անհեռատես համարեցին` նշելով, որ ռազմաբազան Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Այդպես է մտածում նաև ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա ռուսական ռազմաբազային դեմ արտահայտվողներին համարեց անլուրջ մարդիկ, որոնք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

-Գյումրու դեպքերը, սահմանային լարվածությունը մեզ թո՞ւյլ են տալիս մտածել, որ Հայաստանը ռուսական ռազմաբազայի կարիքը չունի: Անգամ հայտարարությունների տեսքով նպատակահարմա՞ր է այս պահին մեզ նման շռայլություն թույլ տալ:

-Ցավալի դեպքեր տեղի ունեցան Գյումրիում, սակայն իշխանությունների արձագանքը դրանց համարժեք չէր: Այս իշխանություններին չհանդուրժելով հանդերձ, չեմ կարող մի հարցում համակարծիք չլինել: Խոսքը ԵԱՏՄ-ին անդամակցելն է, որի ընթացակարգը շատ վատ ձևով եղավ, և Հայաստանն այդ ճանապարհին կորուստներ ունեցավ: Խաղեր տվեց Արևմուտքի հետ` չգիտակցելով, որ կրկին նույն կետին է վերադառնալու: Հետևաբար, լայնախոհ իշխանությունը պիտի հաշվարկեր` ունի՞ «և-և»-ի հնարավորությունը, թե՞ «կամ-կամ»-ի տարբերակն է ընդունելու, որի պարագայում ընտրությունը պիտի կանգնի Ռուսաստանի վրա: Ինչո՞ւ Ռուսաստան. ոչ նրա համար, որ ես հիացած եմ այդ երկրի բարքերով, ժողովրդավարության մակարդակով, կոռուպցիայի ցածր աստիճանով: Մեր ողջ պատմությունը, աշխարհաքաղաքական դիրքը մեզ այլ ընտրություն չեն թողնում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է հասկանա, որ այսօր Հայաստանն այլընտրանք չունի, Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների պահպանումից ու զարգացումից բացի: Բայց գործընթացները հանգեցրին այն բանին, որ մենք դարձանք ոչ թե գործընկեր, այլ վասալ: Կարող էինք արժանապատվորեն, թափանցիկ ձևով անդամակցել ԵԱՏՄ-ին, մինչդեռ այդ քայլը մեզ պարտադրվեց: Մի օրում աշխարհաքաղաքական ուղղությունը չենք փոխում: Բանակցման հնարավորությունները Հայաստանի համար ի չիք դարձան: Այսօր մենք այնպիսի վիճակում ենք, որ որպես ինքնիշխան պետություն, պայմաններ չենք կարող դնել, լիարժեք չենք կարող հանդես գալ: Ինչ վերաբերում է ռազմաբազային, ինձ միշտ զարմացնում են այն քաղաքական գործիչները, ովքեր առանց հիմնավորելու, թե ռազմաբազայի բացակայության դեպքում Հայաստանն ինչ մարտահրավերների առջև է կանգնելու, ինչպես պիտի դիմակայի, հայտարարում են, թե ռուսական ռազմաբազայի գոյությունն այլևս անհրաժեշտություն չէ Հայաստանի համար: Եթե նույնիսկ Հայաստանի սահմանին ռուսական զինուժի երկու զինվոր կանգնած լիներ, բավական էր, որ թուրքական կողմն իրեն զուսպ պահեր: Ռազմաբազայի նույնիսկ սիմվոլիկ գոյությունը մեզ խիստ անհրաժեշտ է, որովհետև ունենք աշխարհագրական շատ վատ դիրք, շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որոնք ուշի ուշով հետևում են, թե Հայաստանում ինչ է կատարվում, որ օգտվեն իրավիճակից: Իրավիճակը ճիշտ գնահատելու համար նախ անհրաժեշտ են պատասխանատու իշխանություններ, որոնք գիտակցում են պահի լրջությունը: Այսօրվա իշխանության գործողությունների մեջ չեմ տեսնում այն բանական քայլերը, որոնք ապահովելու են մեր երկրի անվտանգությունը: Աշխարհում չունենք կշիռ և պահանջատեր չենք կարող լինել: Իսկ ռազմաբազայի դուրսբերման մասին խոսողներն անլուրջ մարդիկ են, նմաններին քաղաքական գործիչ չեմ համարում:

-Նշեցիք, որ մեզ անլուրջ են համարում դրսում: Հայաստանի հասցեին նման որակումները մեծ թափ ստացան այն ժամանակ, երբ ընտրեց ԵԱՏՄ-ն: Ցանկացած ճանապարհ էլ ընտրելիս նման գնահատականներ չէի՞ն լինելու:

-Մենք վստահելի ու լուրջ գործընկեր չենք դիտարկվում, որովհետև ինչպե՞ս կարելի էր խաղեր տալ Եվրոպայի հետ, հետո նրան «քցել» ու նորից վերադառնալ Ռուսաստան: Ըստ էության, մենք ունենք մի իշխանություն, որը և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար համարվում է որպես «քցող», որի հետ չարժե լուրջ բանակցությունների մեջ մտնել ու պիտի խոսել միայն ուժ գործադրելով, ինչը և արվում է: Եվրոպան հասկացավ, որ մեզ չի կարող «կամ-կամ»-ը պարտադրել: Նրանք պետք է հասկանային Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական գործակցությունը, որը իրենք մեզ չէին առաջարկում: Այսինքն, Հայաստանի սահմանների պաշտպանությունը նրանց խնդիրը չէր: Մեր երկրի փրկությունը նոր իշխանությունների ձևավորումն է, որը կկարողանա Ռուսաստանի հետ ստանձնած պարտավորությունները, ԵՄ-ի հետ հարաբերությունները մեկ այլ մակարդակի վրա տեղափոխել: Եթե չի փոխվում իշխանությունը, Հայաստանն աշխարհից որևէ դրական ակնկալիք չի կարող ունենալ: Ավելին, Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ իշխանություններն ի զորու չեն արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու, քանի որ ադեկվատության խնդիր ունեն:

-Գյումրու դեպքերից հետո հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ: Այս հարցում որոշ շրջանակներ կրկին ադեկվատության խնդիր ունեին: Այս առումով իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չարեց:

-Նախ՝ իշխանությունը պիտի իրեն իշխանության պես պահեր, ընտանիքի ղեկավարի պես: Ո՞վ է հարգում ընտանիքի այն ղեկավարին, որն իր ընտանիքը չի հարգում: Եթե երկրի ղեկավարը ժողովրդի պահանջներին համահունչ որոշումներ կարողանար կայացնել, սգո օր հայտարարեր, կարծում եմ, Ռուսաստանը մեզ ավելի էր հարգելու: Ռուսաստանից դժգոհելու խնդիր չեմ տեսնում, մենք պիտի սովորենք ինքներս մեզնից դժգոհել: Մեր քայլերի արդյունքում են տարբեր երկրներ այս կամ այն կերպ մեզ վերաբերվում: Ի՜նչ պիտի անի Ռուսաստանը, եթե Հայաստանը չի պահանջում: Իշխանությունն իր սխալ քայլերով նպաստեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ հասունանան: Հույս ունեմ, որ այդ տրամադրությունները շարունակական չեն լինելու: Արդեն Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանում տիրող իրավիճակով, պատվիրակություններ են գալիս, հայտարարություններ են արվում: Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանում կարող է ոչ ի նպաստ իրեն իրավիճակ փոխվել: Որքան մենք ենք շահագրգիռ, որ մեր սահմանները պահեն ռուս սահմանապահները, այնքան էլ Ռուսաստանը: Վերջինս նաև պետք է հետևություններ անի, որ Հայաստանում չի կարելի ուկրաինական սցենար թույլ տալ: Հետևաբար, պիտի վերանայի իր վերաբերմունքը Հայաստանի ու հայերի հանդեպ:

-Ներսում ուկրաինական «սցենարիստներ» չկա՞ն:

-Ներսում կան ու կային նաև ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ: Կան մի քանի «քաղաքական գործիչներ», որոնք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ հայտարարություններ են անում ու ինչի կհանգեցնեն իրենց պահանջները: Ես չեմ հարգում այդ կարգի «քաղաքական գործիչներին»: Առաջարկելով հանել ռազմաբազան կամ չանդամակցել ԵԱՏՄ-ին, նրանք խուսափում են ներկայացնել, թե այդ պարագայում Հայաստանն ինչպիսի վիճակում կհայտնվի: Նման մարդիկ պատասխանատվություն չեն կրում պետության նկատմամբ:

Մանրամասները «Իրատես de facto» թերթում:

Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy