Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել՝ նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում

Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Էջմիածնում՝ քաղաքի 2703 ամյակին նվիրված միջոցառմանը, իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել: Կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը ունք կա», որովհետև էջմիածինցին ազատ է, անկախ է և հզոր է»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը:

«Ես ուզում եմ որպես նախկին լրագրող, քաղբանտարկյալ, պատգամավոր, ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց  ի վերջո մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում էինք դեպի ազատություն և դեպի օրինականություն»,- ասաց նա:

 Վարչապետը, շնորհավորելով էջմիածինցիներին՝ «իրենց ձեռքերով» նվաճած ազատության համար, հարկ համարեց ասել,  որ ակնկալում է, որ բոլորն են հասկանում, որ ազատությունն ու ժողովրդավարությունը անարխիան չէ:

«Ես հույս  ունեմ, որ դուք տեր կկանգնեք ձեր ազատությանն ու իրավունքներին, այլևս թույլ չենք տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե դուք ինչպես պետք է ապրեք, որտեղով պետք է քայլեք, ինչպես պետք է ընտրեք, ում պետք է ընտրեք: Սրանից հետո դա դուք և միայն  դուք եք որոշում»,- ասաց նա:

Վարչապետը հետո նկատեց, որ ՀՀ-ում դեռ կան ուժեր, ովքեր իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, ովքեր դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, ում մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել: «Ես չեմ ուզում ասել, որ այդ մարդկանց ուղղակի հուսախաբություն է սպասվում, կոռուպցիոն համակարգը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ որևէ շանս ՀՀ-ում չունի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը, սակայն ուզում է այդ քաղաքական ուժերին ասել,  որ պետք չէ վատ զգալ սեփական հայրենիքում, այն պայմաններում, երբ ժողովուրդը լավ է զգում: «Մեր ժողովուրդը հաղթել է, և մի՛ փորձեք անմտությամբ  փչացնել այդ հաղթանակը, դա ձեզ մոտ չի ստացվելու: Դուք կարող եք միանալ այդ հաղթանակին, դուք կարող եք հանձնվել ժողովրդի առաջ, որովհետև սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև Հայաստանում հաղթել է սերը, ազգային միասնությունը, և որևէ մեկը չի կարող խաթարել մեր ժողովրդական հեղափոխությունը»,- ասաց նա:

Դիմելով էջմիածինցիներին՝ վարչապետը նաև նկատեց, որ հոգևոր կենտրոն համարվող իրենց քաղաքն ամեն ինչով պետք է համապատասխանի իր կոչմանը: «Սա այն տեղն է, որտեղ իջել է Հիսուս Քրիստոսը, սա սուրբ հող է, և այս հողի սրբությունը մենք պետք է պաշտպանենք, պահպանենք:  Սա մեր ժողովրդի հոգևոր վերածննդի հեղափոխություն է նաև»,- ասաց նա:

Վարչապետը հոգևոր մայրաքաղաքում հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող իր հայրենիքում թշնամի համարվել: «Բայց այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն և ապօրինություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, արհամարհել ժողովրդի կարծիքը, արհամարհել ժողովրդի պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում»,- ասաց նա՝ նկատելով, որ ցավում է, որ որոշ ուժեր այնուամենայնիվ ընտրեն ել այդ ճանապարհը:

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ե՛տ կանգնեք այդ ճանապարհից»,- կոչ արեց նա, հետո նկատեց, որ ի վերջո ժողովրդի ասածը կարող է նրանց վերաբերել՝ ով ինչ անի, իրեն կանի,-Այսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը մի քանի անգամ գնում են բրյուսելներ, վաշինգտոններ, բայց ՀՀ-ում որևէ մեկը չի կարող բռնապետություն հաստատել: Չի կարող, ով ուզում է լինի: Անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել, նա կհայտնի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում»,- ասաց նա:

Այս թեմայով