«Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին». հայտնի է ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական կարգախոսը.

«Հուսով եմ՝ ձեր սպասելիքները Հանրապետական կուսակցությունից արդարանում են: Բոլոր կուսակցությունները արդեն մտել են նախընտրական տրամաբանության մեջ, բացահայտում են իրենց քարոզչական հիմնական շեշտադրումները, և մենք որոշել ենք այսօր անել մեր նախնական ծանոթացումը մեր քարոզչական կարգախոսի հետ: Ես՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի քարոզչության պատասխանատու, ձեզ կբացահայտեմ Հանրապետական կուսակցության կարգախոսը:

Մեզ մտահոգում է երկրում ստեղծված վտանգային իրավիճակը, մտահոգում են Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակում նոր ծագող խնդիրները, երկրի տնտեսական վիճակը, մեզ մտահոգում են Արցախի ապագան ու անվտանգությունը, մեզ մտահոգում է սահմանների ամրությունը, և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կամ նախկինում չկային, կամ այսքան արտահայտված չէին:

Այս ընթացքում մարտահրավերները չեն պակասել, այլ ավելացել են, որևէ հին խնդիր արմատապես և ամբողջությամբ չի լուծվել, դրա փոխարեն առաջացել են նոր խնդիրներ:

Եվ մենք մեր բոլոր մտահոգությունները արտահայտել ենք հետևյալ նախընտրական կարգախոսով. «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», «եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրիր Հանրապետականին»»:

 

Այս թեմայով