Եթե իշխանությունը խիղճ ունի

timthumb«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն այսօր պատերազմից դուրս եկած պետություն է, թեեւ դե յուրե այն չի հասել Հայաստանի սահմայն, սակայն Արցախը հայաստան է եւ պատերազմը եղել է Հայաստանի դեմ:

Ընդ որում, նույնիսկ դժվար է ասել, դուրս եկել ենք պատերազմից, թե ընդամենը դադարեցվել է այն ժամանակավորապես: Բայց առավել եւս այդ պարագայում, Հայաստանը պետք է ապրի համապատասխան ռեժիմով: Ի՞նչ է դա ենթադրում: Այսօր միայն ծույլերը չեն խոսում պատերազմից դաս քաղելու եւ վերափոխվելու հրամայականի մասին: Բայց եթե մենք փորձենք հետեւել քառօրյա պատերազմին հաջորդած օրերի անցուդարձին, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ավելի շատ սկսել է ապրել հենց բանահյուսությամբ, քան բանականությամբ: Որովհետեւ բանականության դեպքում՝ արդեն մենք պետք է քառօրյա պատերազմից մի քանի օր անց դեռ ոչ թե խոսեինք փոփոխությունների անհրաժեշտության մասին, այլ առնվազն սկսած լինեինք փոփոխությունների կոնկրետ գաղափարական ու ծրագրային մրցակցությունը հասարակական-քաղաքական կյանքում, իհարկե՝ պետական անվտանգության եւ զարգացման թիվ մեկ պատասխանատու իշխանության նախաձեռնությամբ:
Մենք պետք է այսօր քննարկեինք քայլեր, առաջարկներ, գաղափարներ փոփոխության կապակցությամբ, մինչդեռ շարունակում ենք խոսել, որ պետք է փոխվել: Շարունակում ենք, որովհետեւ իշխանությանը պետք է, որ խոսենք, ոչ թե փոխվենք:

Հայաստանում փոփոխությունն իշխող համակարգի մահն է, դրա համար համակարգն ամեն ինչ արել ու անելու է, որպեսզի հասարակությունն առավելապես խոսի, որպեսզի հետպատերազմյան կամ հրադադարի դիսկուրսները հիմնականում ընթանան բանահյուսության ժանրում: Բանականությունն իշխող համակարգի թշնամին է:

Այսօր ՀՀ խորհրդարանում պետք է արդեն կուտակած լինեին օրենսդրական մի շարք նախագծեր, որոնք կտրականապես պետք է փոխեին ՀՀ տնտեսական հարաբերությունները, ուղղված լինեին մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների ապամոնտաժմանը, հասարակական ստեղծագործական ներուժի համար բացեին լայնարձակ ճանապարհներ:: ՀՀ իշխանությունն այսօր պետք է ուղղակի հեղափոխություն սկսած լիներ, որովհետեւ ստացել է ամենաթանկը՝ հասարակության քվեն:

Բոլորովին միտված չենք կարծելու, որ պատերազմի վտանգի դեմ հասարակական համախմբումը դա համախմբում էր իշխանությունների շուրջ, վստահություն էր իշխանություններին: Բոլորովին: Սակայն պետք է ընդունել, որ ենթատեքստում, ակամայից, ենթագիտակցորեն, դա այդպես էր: Այսինքն՝ դուրս գալով պետությունը պաշտպանելու, Հայաստանի հասարակությունը նոր հնարավորություն է տվել իշխանություններին, անուղղակի քվե, քարտ-բլանշ է տվել, համաներում է արել իշխանությունների հասցեին եւ թեեւ դա անուղղակի է, բայց ամեն ինչ կարող է ուղիղ իմաստ ստանալ, եթե իշխանությունն ընդառաջ գնա հասարակական այդ պոռթկումին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 445 անգամ
 


Այս թեմայով