Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից  «Բարգավաճ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ քարոզարշավի վերջին օրը՝ եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, պատասխանելով լրագրողներին, հայտարարեց, որ կշնորհավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե ընտրվի «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը՝ Հայկ Մարությանը:

«Ես կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վետերանների միություն կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղյակ է Նաիրա Զոհրաբյանի մտահոգություններից և իր հասցեին հնչած արտահայտությունների կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ Հայաստանի որևէ քաղաքացի որևէ այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով»:

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես արդեն մի քանի անգամ իմ շնորհակալությունը հայտնել եմ և կոչ եմ արել միանալ և միասին պայքարել «Քաղաքացիական պայմանագրի» այն անդամների, «Իմ քայլը» դաշինքի այն անդամների դեմ, ովքեր այս օրերին սոցիալական ցանցերը ողողել են ոչ միայն իմ, այլև Արտակ Զեյնալյանի, մյուս թեկնածուների մասին անպարկեշտ արտահայտություններով: Դրանք իրական մարդիկ են, հարգարժան վարչապետի կուսակիցներն են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, նաև որպես Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից նրան հորդորեց միանալ իրեն ու պայքարել իր ՔՊ-ական կուսակիցների դեմ:

«Ես հատ-հատ բոլորին կանչելու եմ պատասխանատվության»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ը Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը, իրեն վիրավորանքներ հասցրած օգտատերերի գրություններն ուղարկել է Դատախազություն, իսկ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն խոստացել է այս մասին տեղեկացնել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին:

Նա կրկին անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի գնացել «Առաջին ալիքի»՝ քաղաքապետի  թեկնածուների միջև կազմակերպված հեռուստաբանավեճին:

Այս թեմայով