Եթե այս օրենքն ընդունվի, կարծում եմ՝ կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ․ Մաքսիմ Մանուկյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Politik.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Բարեգործության մասին օրենքի փոփոխությունների շրջանառվող նախագիծը սպորտի ոլորտի վրա։

Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացված է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, համաձայն որի բարեգործության դեմ կարող են սահմանափակումներ մտցվել։ Դա, բնականաբար, ներառելու է նաև սպորտի ոլորտում արվող բարեգործությունը, նկատի ունեմ պարգևավճարները և նվիրատվությունները։Որպես հայտնի մարզիկ, ի՞նչ կասեիք այս մասին։

— Առհասարակ չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է, սահմանափակում լինի բարեգործության մասով։ Բարեգործությունը դա բարի կամքի դրևսորում է, որը դու անում ես քո կամքով։
Ինչ վերաբերում է սպորտի ոլորտին, ապա որևէ մեկի համար գաղտնիք չի, որ եթե չլինեին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների ներդրումը սպորտի բնագավառում,ապա չէինք ունենա ներկայիս պատկերը։
Բոլորը հիշում են, թե ինչ վիճակում է եղել սպորտը Հայաստանում 90-ականներին, երբ լավագույն մարզիկները ուղղակի արտագաղթել են Հայաստանից, քանի որ մեր պետությունը ի վիճակի չի եղել սահմանել պարգևավճարներ հաղթանակների համար, և նաև չեն գտնվել անձինք, ովքեր իրենց վրա կվերցնեին այդ հոգսը, որը մարզիկին ոգևորելու լավագույն միջոցն է, կամ` մարզվելու համար լավագույն նախապայմանը։ Եվ եթե իսկապես այս օրենքն ընդունվի, կարծում եմ` հետ ենք գալու նույն վիճակին ու կանգնենք կոտրած տաշտակի առաջ, քանի որ գաղտնիք չէ, որ հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների շնորհիվ է, որ այսօր սպորտը Հայաստանում աննախադեպ նվաճումների է հասել։
Ինչպե՞ս կարելի է այս ամենն արգելել, եթե այդ ամենի շնորհիվ արտերկրում մեր պետության հիմն է հնչում ու դրոշը բարձացվում։Սա ուղղակի անտրամաբանական է և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների

Այս թեմայով