Եզդի կանանց է վաճառում Այնթափի շուկայում

եզդիԹուրքիայի Անթեպ (Այնթափ) քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ստրուկների շուկայի հետ կապված հերթական դատական հայցն է ներկայացվել:

Թուրքական «siyasihaber1.org» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ֆելեքնազ Ուջան հարցում էր ներկայացրել ԹԱՄԺ, որին պետք է պատասխաներ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Սակայն պատասխանատու պաշտոնյաներից  մինչ օրս թեմային որևէ արձանգանք չի եղել:

Բացի այս, Թուրքիայում գործող երեք իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Առաջադիմական կանանց միությունը», Անթեփի իրավաբանների պալատը և «Բռնությամբ պահվող կանանց համար պայքարի հարթակը» տարբեր ժամանակներում խնդրի առթիվ 3 դատական գործ են հարուցել:

«Բռնությամբ պահվող կանանց համար պայքարի հարթակը» քրեական գործ է հարուցել՝ «մարդկանց առևտրի», «ազատության սահմանափակման», «ցեղասպանության», «գաղթականների անօրինական տեղափոխման» և «մարդկության հանդեպ հանցանք գործելու» մեղադրանքներով՝ հղում անելով Թուրքիայի քրեական օրենսգրքին ու «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային և մասնավորապես՝ դրան կից «Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին» արձանագրությանը:

Կազմակերպությունը պահանջել է քրեական գործ հարուցել նաև այն թուրք պաշտոնյաների հանդեպ, ովքեր ավելի վաղ այս խնդրով հարուցված գործերին ընթացք չեն տվել կամ չեն զբաղվել խնդրի բացահայտման և կանխարգելման հարցերով, մինչև այն կհայտնվեր լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին Շանգալի վրա հարձակում գործած ԻՊ-ը գերի էր վերցրել շուրջ 7.000 եզդի կանանց և երեխաների, որոնցից միայն 1.500-ին էր հաջողվել սեփական միջոցներով փախչել: Ըստ վերջիններիս վկայությունների՝ գերիների վիճակը ծայրահեղ վատ է, նրանք մշտապես խոշտանգումների և սեռական բռնությունների են ենթարկվում:

Նշենք նաև, որ գերմանական AD TV-ին վերջերս փաստեր և տեսագրություններ էր հրապարակել այն մասին, որ ԻՊ-ն իր գերիներին վաճառքի է հանում ինտերնետում՝ այդ նպատակով օգտվելով Թուրքիայում գտնվող բյուրոների միջնորդությունից:

 


Այս թեմայով